Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Թուրքիային մեր թշնամին համարում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իշխանություններից որևէ զանգ չի ստացել կամ խոսակցություն չի ունեցել փոխելու իր քաղաքականությունը։ Նման կարծիք հայտնեց թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման հայտարարությունը որևէ կերպ անդրադառնում է կառույցի աշխատանքների վրա։

ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության

Հիշեցնենք, որ մեծ աղմուկ է բարձրացրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արված այն հայտարարությունը, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

«Որքանով ես գիտեմ` ՀՀ իշխանությունները պաշտոնական որևիցե բան չեն ասել՝ հայտարարություն, համաձայնագիր հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ ԱԳՆ-ն հայտարարեց, որ որևէ բանակցություն տեղի չի ունենում Թուրքիայի հետ։ Ավելին, մեր կառույցի նկատմամբ գաղափարական ուղղվածության փորձ չի եղել` մեր ցուցադրությունները նույնն են»,–ասաց Մարությանը։

Նա հավելեց` այո, զանազան մտքեր են ասում, սակայն իր համար էական են փաստաթղթեր։ Մարությանն ինքն էլ այսօրվա Թուրքիային մեր թշնամին է համարում։

Դա պատիվ կբերի հենց ամերիկացիներին. Բայդենը կասի՞ «ցեղասպանություն» բառը

«Սակայն թանգարանը քաղաքական հաստատություն չէ, այլ մշակութային։ Մենք ԱԳՆ-ի կցորդը չենք»,–ասաց Մարությանը։

Նա նաև հայտնեց, որ նախորդ տարի մեկ թուրք եկել է իրենց արխիվ և 1-2 ժամ աշխատելուց հետո գնացել։ Մարությանը շեշտեց` ինքը ո՛չ թուրքասեր է, ո՛չ թրքամոլ։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում անդրադարձել էր այս թեմային` ասելով, որ, այո, Թուրքիան մեր թշնամին է։