«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն

Պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին դատախազության լրատվական ծառայությունից։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

Հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։

Դատախազությունից նշեցին, որ դիմումը քննության փուլում է: