ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը արձագանքել է Ալիևի ագրեսիվ ու սադրիչ հայտարարությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի ողջ բնակչության մասին կրկին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Այս մասին ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ալիևի նկրտումները․ ԱԳՆ

Նշվում է, որ Ալիևը ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցում (նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը) խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից:
«Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»,- գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում Է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

«Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ»,-շեշտել է Թաթոյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին և 13-ին ևս Ադրբեջանի նախագահը ելույթներ էր ունեցել և հայտարարել, թե Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: