ԵԱՀԿ–ն չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները. ՀՀ արտգործնախարար

Արա Այվազյանի խոսքով` ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik.Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումում և հայտարարել` Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր։ Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները»,– շեշտել է Այվազյանը։

Նրա խոսքով` կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը:

Արա Այվազյանը Մոսկվայում խոսել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու գերիների մասին

«Մի իրավիճակում, երբ ԵԱՀԿ հանձնառությունների մեծ մասը, մասնավորապես՝ նրանք, որոնք առնչվում են ռազմաքաղաքական հարթությանը, չեն կիրարկվում, մենք պետք է վերագնահատենք գործադիր կառույցների դերը, որոնք ի սկզբանե ձևավորվել էին՝ օժանդակելու մասնակից պետություններին այդ հանձնառությունների իրագործման գործում»,– նշել է ՀՀ արտգործնախարարը:

Ըստ Այվազյանի` ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության միջավայրը պահանջում է համատեղ ջանքեր, հանձնառություն և քաղաքական կամք` պահպանելու ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգը:

Նշենք, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։ Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով:

Արա Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել գերիների խնդիրը և Արցախի իրավիճակը