Ադրբեջանը համարձակություն չի ունենա ուժի միջոցով լուծելու այդ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։
«Բաքվի բռնապետը բլեֆի է գնում. այդ միջանցք կոչվածի խնդրով ամենևին շահագրգիռ չեն նաև մեր դաշնակիցները և բարեկամները, խոսքը բնականաբար ՌԴ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է»,- ասաց նա։
Ոսկանյանի խոսքով` եթե դիտարկենք տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումները, ապա ակնհայտ է, որ Իրանին ձեռնտու է Նախիջևանով երկաթուղու գործարկումը, երկաթուղի, որը կկապի Հայաստանը Իրանին։
Մյուս կողմից` եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական կողմը որոշակի ուղերձներ էր հղում դեպի Վրաստան` Աբխազական երկաթուղու գործարկման համատեքստում, ապա կարող ենք ստանալ չափազանց ուշագրավ պատկեր, որի արդյունքում Հայաստանը Ռուսաստանի հետ կապ կարող է ստանալ ոչ թե Բաքվի ճանապարհով, այլ Աբխազական ուղով, ինչը բնականաբար կվիժեցնի թուրք-ադրբեջանական դաշինքի ցամաքային կապ ունենալու բոլոր ծրագրերը։
«Այս բոլոր խնդիրներն իրականացնելու համար մենք այժմ չունենք Հայաստանում իշխանություն, որը կընթանա մեր պետության շահերի համատեքստում և, որին լուրջ կընդունեն նաև միջազգային մեր գործընկերները, դաշնակիցները և բարեկամ պետությունները»,- նշեց Ոսկանյանը։
Նման հարց չի քննարկվում. Մանե Գևորգյանը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
Հիշեցնենք` երեկ` ապրիլի 20-ին, Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանին կստիպի Զանգեզուրի միջանցք հատկացնել ադրբեջանական կողմին»։