Անդադար կրակոցներ․ ՀՀ նախագահն ու ՄԻՊ–ը այցելել են Ճակատեն գյուղ

ՀՀ նախագահին և մարդու իրավունքների պաշտպանին գյուղի բնակիչները տեղեկացրել են, որ շարունակվում են արձանագրվել կրակոցների դեպքեր: Ըստ ահազանգերի՝ կրակոցները պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին` երեխաներին ու կանանց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել են Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Անդադար կրակոցներ․ ՀՀ նախագահն ու ՄԻՊ–ը այցելել են Ճակատեն գյուղ

Բնակիչները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինվորականների ներկայության պատճառով հատկապես երեկոյան ժամերին խուսափում են Կապանից Ճակատեն, Շիկահող ու այլ գյուղեր տանող ճանապարհով երթևեկելուց:

«Ադրբեջանական զինվորականները սպառնում են գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը: Այդ ճանապարհին առկա են ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում զինվորականների տեղակայման համար:Դա խաթարել է խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով», - գրել է Թաթոյանը։

Գյուղերի բնակիչների և համայնքային մարմինների տեղեկությունների համաձայն՝ գյուղերի անմիջական հարևանությամբ շարունակվում են արձանագրվել կրակոցների դեպքեր: Ըստ ահազանգերի՝ կրակոցները պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Լարված իրավիճակ ու բախումներ Ագարակում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ

Անվտանգային ու սոցիալական խնդիրներ ևս բնակիչները ներկայացրել են Հանրապետության նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատերազմից հետ ադրբեջանական զինված ուժերի տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որևէ հիմքից, պետք է հեռացվեն այդ վայրերից և ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի:

Այդ խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը արձագանքել է Ալիևի ագրեսիվ ու սադրիչ հայտարարությանը

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Նշենք, որ այս օրերին մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում:

Լարված իրավիճակ ու բախումներ Մեղրիում. քաղաքացիները բողոքում են Նիկոլ Փաշինյանի այցի դեմ