ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը կսպասի Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղապսանության ճանաչումը կարող է մեծ բան փոխել ճանաչման գործընթացներում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ի՞նչ է պետք սպասել այս անգամ ապրիլի 24-ին և ի՞նչ կփոխվի Բայդենի խոսքից հետո։

«Որպես գիտական հաստատություն` մենք Ջո Բայդենին արդեն նամակ ենք ուղարկել և հիշեցրել, որ նա դեռ նախորդ տարվա նախընտրական փուլում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը։ Մեզ պաշտոնապես ասել են, որ նամակը տեղ է հասել, և դրա պատասխանը սպասում ենք ապրիլի 24-ին։ Որպես հետազոտող կարող եմ ասել` ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեծ բան է փոխելու, քանի որ ԱՄՆ-ն աշխարհի գերտերություններից է, ՆԱՏՕ-ի առաջատարներից է»,–ասաց Մարությանը։

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ

Նա նշեց, որ պետք է հուսալ, որ ԱՄՆ–ի կողմից ճանաչման գործընացը շարունակություն կունենա` առանձին օրենքների, սանկցիաների տեսքով։

Մարությանը շեշտեց` արցախյան վերջին պատերազմի ժամանակ տեսանք, որ Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել, և ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Թուրքիային սաստելու պես մի բան լինել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այդտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ն բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և նմանօրինակ նամակներն օգնում են ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել:

Նշվում էր, որ նամակն ուշադիր ուսումնասիրելուց հետո կաշխատեն ընթացք տալ դրան։

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան