ԱԱԾ պետն ու ոստիկանության պետը շտապ ժամանել են Սյունիք

ՀՀ վարչապետի մարզային այցի մասին նախապես տեղյակ չեն պահել նաև ուժային կառույցների պատասխանատուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը քիչ առաջ ժամանել են Կապան ու շտապ մուտք գործել Սյունիքի մարզպետարանի շենք, որտեղ այս պահին գտնվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է ապրիլի 20-ից։ Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Ըստ մամուլի, վարչապետի այցի մասին նախապես տեղյակ չեն պահել նաև ուժային կառույցների պատասխանատուներին։

Նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Երեկ երեկոյան անսպասելիորեն պաշտոնանկ էին արվել Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետները։ Միաժամանակ արվել էին նաև նոր նշանակումներ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել են վրդովված և սառը։

Այսօր Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Այցի ընթացքում Փաշինյանը եղել է Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ծանոթացել է օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։