Երևանում դիմակի պատճառով սպանություն կատարած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Երևանի կենտրոնում դիմակի պատճառով ուղևորին սպանելուց հետո նա թաքնվել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության մեջ կասկածվող Գարեգին Բաղդասարյանն ինքնակամ ներկայացել է Արտաշատի ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` այժմ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարեգին Բաղդասարյանն Արտաշատ քաղաքի բնակիչ է, 58 տարեկան։

Երեկ հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր, որ պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։