ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցին, որում նա հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը», - ասել է Նաղդալյանը։
Նա ընդգծել է, որ հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ», - ասել է ԱԳՆ խոսնակը։
Նա շեշտել է, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
«Բացահայտ մեղադրանք». Ալիևը հերքում է «Իսկանդեր-Մ»- ն Սիրիայից Արցախ տեղափոխելու վարկածը
Նշենք՝ այսօր Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանին կստիպի Զանգեզուրի միջանցք հատկացնել ադրբեջանական կողմին»։