Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ

Եկեք անկեղծ լինենք։ Վերջին երեք տարիների ընթացքում արդեն երկրորդ հեղափոխության ականատեսն ենք դառնում։ Երկուսի հետ կապված էլ բազում անպատասխան հարցեր կան։
Sputnik

Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ

Այո՛, շատ ճիշտ եք, խոսքը ֆուտբոլային հեղափոխության մասին է, որն իրականացնում են այդ աշխարհամասի ամենահայտնի և ամենահարուստ ակումբները, որոնք ասում են՝ եվրոպական մրցաշարեր եք անցկացնում, որտեղ խաղում են, ասենք, Նորվեգիայի և Բուլղարիայի չեմպիոնները՝ ո՞վ է նայում այդ խաղերը, իսկ իսպանական Էլ կլասիկոն «Բարսելոնայի» և «Ռեալի» մասնակցությամբ ողջ աշխարհն է դիտում։

Եվ ուրեմն, ասում են եվրոպական բոլորովին նոր մրցաշարի՝ այսպես կոչված՝ Սուպերլիգայի նախաձեռնողները, մատուցե՛ք ֆուտբոլի երկրպագուներին այն, ինչ նրանց ամենից շատ է հետաքրքրում, հուզում ու գայթակղում՝ խաղեր միայն ամենաուժեղ թիմերի մասնակցությամբ։ Արդյունքում էապես կշահեն թե՛ ակումբները՝ լրացուցիչ փող կստանան, թե՛ ֆուտբոլասերները, որոնք հնարավորություն կունենան ըմբոշխնելու միայն բարձրորակ խաղացողների բարձրորակ մրցակցությունը։ Եվրոպական գլխավոր  ֆուտբոլային կազմակերպության՝ ՈՒԵՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, բնականաբար, խիստ դեմ են այս ամենին՝ քաջ գիտակցելով, որ, եթե կարելի է այդպես ասել, ֆուտբոլն իրենց ձեռքից գնում է։ Նույնիսկ սպառնացել են խիստ պատժամիջոցներ կիրառել ֆուտբոլային հեղափոխականների նկատմամբ։ Բայց հեղափոխականներն էլ հո հիմա՞ր չեն՝ վաղուց հասկացել են, որ պաշտոնյաները կհոխորտան, կհոխորտան ու վերջում լավ էլ կհամակերպվեն նոր իրավիճակի հետ։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

Սուպերլիգան նոր գաղափար չէ։ Դեռ մոտ 35 տարի առաջ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին շատ էր ուզում եկամտաբեր դարձնել իրեն պատկանող «Միլան» ակումբը և էլի իրեն պատկանող հեռուստաընկերությունները։ Բրիտանացի հայտնի մենեջեր Ալեքս Ֆինը վերհիշում է. «Մի օր ինձ զանգահարեցին Իտալիայից և ասացին՝ Ալե՛քս, մի գործ կա, որի մասին դու միշտ երազում էիր՝ ստեղծել Սուպերլիգա Սիլվիո Բերլուսկոնիի համար»։  Մենեջերի Սուպերլիգան, որը նա առաջարկել էր 1988 թվականին, շատ էլ չէր տարբերվում այն Սուպերլիգայից, որը ստեղծվում է հիմա՝ 2-3 ուժեղագույն թիմ առաջատար ֆուտբոլային տերություններից, պլյուս մի-մի ակումբ Շոտլանդիայից, Պորտուգալիայից, Նիդերլանդներից և Բելգիայից։ Եվ հիմա, երբ հանկարծակիի եկած եվրոպացի ֆուտբոլային պաշտոնյաները զարմանքից կլորացնելով աչքերը, ասում են. «Վայ, այս ինչ եղավ, ինչ Սուպերլիգա», ընդդիմախոսները հակադարձում են. «Ախր այս գաղափարը շրջանառվում էր տասնամյակներ շարունակ, այդ դուք էիք քնած աշխատասեր ընտանի հայտնի կենդանու բավական ընդարձակ ականջում»։

Սուպերլիգայի ստեղծման հակառակորդները  դատապարտում են նախաձեռնողներին, փաստելով՝ ամենահարուստ ակումբները ուզում են ավելի ու ավելի հարուստ դառնալ։ Բայց, կներե՛ք, իսկ ո՞վ է թաքցնում, որ սպորտը փող է։ Հիշում եմ, մի ժամանակ տաղանդավոր շախմատիստ Բոբի Ֆիշերին էին նախատում՝ դու փող դիզելու մոլուցքով ես տառապում։ Ի՛նչ էր արել մարդը։ Պարզապես տեսնելով, որ նույնիսկ ամենահայտնի շախմատիստները լավ չեն պարգևատրվում, պայման էր դրել տարբեր մրցաշարերի կազմակերպիչների առջև՝ մինչև շատ էապես, մի քանի անգամ չմեծացնեք մրցանակային ֆոնդը, երբեք չեմ մասնակցի ձեր մրցաշարերին։ Ու բարձրացրին։ Ո՞վ շահեց։ Բոլոր շախմատիստները։

Եվ եթե հիմա ես էլ փորձեմ բողոքել, թե ինչու են ֆանտաստիկ պարգևավճարներ պահանջում այն մարդիկ, որոնց արածը մի բան չի՝ պարզապես մեկուկես ժամ վազվզում են խոտածածկի վրա, երբեմն նույնիսկ չեն էլ կարողանում այդ ամբողջ մեկուկես ժամում գոնե մի անգամ խոցել հակառակորդի դարպասը, հաստատ շատ տրամաբանական պատասխան կլսեմ՝ է՛, դու էլ ֆուտբոլիստ դառնայիր, այլ ոչ թե երկու տարբեր ֆակուլտետներում սովորեիր ու վերջը ընտրեիր այնպիսի մասնագիտություն, որի ներկայացուցիչներին բոլոր կողմերից հայհոյում են, խելք սովորեցնում, հանրահավաքների ժամանակ նրանց դեմ բռնություն են կիրառում, երբեմն էլ նույնիսկ նախարարներն են սրճարանում ծեծում։

Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը

Բայց ես էլ կհակադարձեի՝ չէ՛, ավելի լավ է պետական պաշտոնյա դառնամ. նրանք էլ են հսկայական պարգևավճարներ ստանում, բայց իսկի չեն էլ վազվզում խոտածածկով։