Արմեն Սարգսյանն ու նրա կինը պատվաստվել են արտերկրում

ՀՀ նախագահն ու Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են բժիշկների ցուցումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա կինը` Նունե Սարգսյանը, կորոնավիրուսի դեմ պատվաստվել են այս տարվա սկզբին արտերկրում գտնվելիս։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

«Նրանք պատվաստվել են նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալուց և առողջանալուց հետո, բժիշկների ցուցումով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։ 

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Սարգսյանը Երևան վերադարձավ փետրվարին։