ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռավար ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում։
ԱԺ նախագահն իր խոսքում անդրադարձել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով արձանագրված Եվրամիության հանձնառություններին` աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջնորդվելու ուժի չկիրառման, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներով։
«Այնուամենայնիվ, հենց վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ: Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ: Պատերազմ, որի ընթացքում հենց ինքն իրականացրել է աննախադեպ ծավալների հասնող բռնություններ և զանգվածաբար իրագործել պատերազմական հանցագործություններ»,– ասել է Միրզոյանը։
Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևողական եւ միտումնավոր խախտումները լրջորեն խարխլում են հայտարարության լիարժեք իրականացումը ու տարածաշրջանում նոր մարտահրավերներ առաջ բերում։
Միրզոյանն անդրադարձել է նաև հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների վերադարձի պարտավորությանը, որն ադրբեջանական կողմը զանազան պատրվակներով շարունակում է անտեսել։
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին
«Այդ մասին հայտարարում են նաև ԵԽ-ի հարգարժան անդամներ Մարինա Քալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Ժելյանա Զովկոն` շեշտելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, համաձայն որի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր տեղեկություն տրամադրել կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ: Ցանկանում եմ պարզաբանել մեր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և կայունության ստեղծման համար»,– ասել է Միրզոյանը:
Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որով այն սնել է իր քաղաքացիներին տասնամյակներ շարունակ:
ԱԺ նախագահը եվրոպացի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի անօրինական և պարսավելի գործողությունները, հնարավորինս շուտ իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը ` առանց նախապայմանների և արհեստականորեն ստեղծված խոչընդոտների:
Ամփոփելով Լեռնային Ղարաբաղի թեման` Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի դեռ իրացված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա հայտնել է հայկական կողմի հաստատակամությունը` շարունակելու բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին աջակցել այդ ձեւաչափի աշխատանքներին:
Խոսելով Հայաստանի ներքին հարցերի մասին՝ Միրզոյանը հայտնել է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և վստահեցրել է, որ Հայաստանում կա անհրաժեշտ քաղաքական կամք՝ կազմակերպելու ազատ և արդար ընտրություններ, ինչպես 2018 թվականին: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ-ն այլ միջազգային գործընկերների հետ միասին կիրականացնի ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություններ:
Ամենակարևորը եվրոպացիների ելույթներն են. ի՞նչ կփոխի ԵԽԽՎ նիստում գերիների հարցի քննարկումը
Միրզոյանը վստահեցրել է, որ, չնայած COVID -19-ից առաջացած բոլոր դժվարություններին ու պատերազմին, Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: