ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանում, թիվ 54 երթուղային միկրոավտոբուսում ուղևորի սպանության մեջ կասկածվող տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կասկածյալը Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանն է։
Ըստ կայքի` քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի:
Նույն լրատվամիջոցի տեղեկություններով` Գարեգին Բաղդասարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվածն ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան:
Հիշեցնենք` ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմանում, Երևանում` Պարոնյան-Լեո խաչմերուկում, թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն էր տեղի ունեցել։ Պատճառը եղել էր այն, որ սպանվածը` Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանը, երթուղայինում նստած Բաղդասարյանին խնդրել էր, որ պաշտպանիչ դիմակ դնի, սակայն վերջինս վիճաբանել էր, ապա իր մոտ եղած դանակով հարվածել Հունանյանի կրծքավանդակին։