Մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը վիրահատվել է

Տիտղոսակիր ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել և ինքն արդեն վերականգնման փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյանն Instagram-ի իր էջում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է։

Դալալոյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարզման ժամանակ ստացել է կրունկի վնասվածք։ Դրա պատճառով նա բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը Բազելում, որը տեղի կունենա ապրիլի 21-25-ը։

«Վիրահատությունն, ընդհանուր առմամբ, հաջող է անցել։ Զգում եմ գերազանց՝ լի ուժով, էներգիայով և մոտիվացիայով։ Ոչ մի րոպե չեմ մոռացել ֆիզիկական վարժությունների մասին, և նույնիսկ առաջին բանը, որ արել եմ անզգայացումն անցնելուց հետո, սկսել եմ մշակել ոտքերի մատների շարժողական ֆունկցիաները»,- գրել է նա։

Դալալոյանը նաև տեղեկացրել է, որ շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից, սակայն ևս երկու շաբաթ ոտքը կմնա «գիպսի մեջ»։

Մարզիկը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, նամակներ գրել։ Հետևորդները մեծ ուրախությամբ են ընդունել մարմնամարզիկի ապաքինման լուրն ու նրան մաղթել ոսկե մեդալ Տոկիոյի օլիմպիադայում:

Դալալոյանը հայկական ծագումով ռուսաստանցի մարմնամարզիկ է։ Նա աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար