Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել

Նշված քրեական գործով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու  դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական ծառայությունից։

ԱՕԿՍ–ի շենքի գործով մեղադրանք է առաջադրվել Հասմիկ Պողոսյանին և Արմեն Սմբատյանին

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում ՀՀ դեսպան, միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սմբատյանը օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար և վերոնշյալ ՀԿ փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի կողմից Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն:

Այնուհետև  նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550.000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:

Արմեն Սմբատյանը պատասխանել է հարցին՝ ի՞նչը կխորացնի ՀՀ–ի ու Իսրայելի հարաբերությունները

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված քրեական գործով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է։