Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

ՀՅԴ-ում վստահ են, որ ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նման որոշում է կայացվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի ընթացքում։

Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել, որում հիմնավորվում է նաև նման որոշման կայացումը։

Փաշինյանը հայտնեց, թե երբ հրաժարական կտա, ու որ դեպքում արտահերթ ընտրություններ չեն կայանա

Թեև ժողովրդական պայքարի արդյունքում իշխանությունները ստիպված էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, սակայն ընտրությունների անվան տակ իշխանությունը փորձելու է ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Ուստի ՀՅԴ-ն կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ունենալու է ճակատագրական նշանակություն մեր ազգային ինքնության և պետականության պահպանման համար։

«Մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հավանական ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունը վերապահել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։

Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։