ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, և հաստատված են եղելությունն ու պահման վայրը։ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների շրջանակում՝ լինի դա նամակի միջոցով, բանավոր հաղորդագրությունների տեսքով, հնարավորության դեպքում էլ՝ զանգերի միջոցով, կապ է պահվում հարազատների հետ»,- նշեց Ամատունին։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց` Կարմիր խաչը կապ է պահպանում բոլոր հարազատների հետ, սակայն չմանրամասնեց, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն տրվել խոսելու հարազատի հետ։
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց մոտ ոչ մի ռազմագերի այլևս չկա, կան միայն «հայ ահաբեկիչներ»։
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։
Ադրբեջանի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ին կոչ է արել «չեզոքացնել» Նաիրա Զոհրաբյանին