«Ստիպված կլինենք ուղարկել չվճարվող պարապուրդի»․ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» զգուշացնում է

Ընկերությունը պնդում է, որ գործադուլավորների պահանջն անհիմն է, ապօրինի գործադուլի կազմակերպիչները կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրության շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Աշխատավարձերը վճարված են, ընկերությունը պարտք չունի։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով առավոտից գործադուլ հայտարարած աշխատակիցների պնդումները, թե իրենց 4 ամիս աշխատավարձ չի վճարվել։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» Գեղամասարի բնակիչների բնապահպանական մեղադրանքներն անհիմն է համարում

Նշենք, որ մոտ 40 վարորդներ առավոտից փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։ Նրանք պահանջում են աշխատանքի դիմաց գործարքային-բոնուսային վճարման ձևը փոխել ֆիքսված աշխատավարձով։

«Ընկերության ղեկավարությունը հանդիպում է անցկացրել գործադուլավորների հետ և առաջարկել գործադուլը դադարեցնել, վերադառնալ աշխատանքի և ընկերության տնտեսական և վարչական հնարավորությունների շրջանակում քննարկել նրանց բողոքն ու պահանջը: Սակայն աշխատակիցները, չհամաձայնվելով փոխզիջմանը, ղեկավարությանը վերջնագիր ներկայացրին` ֆիքսել աշխատավարձերը 500.000 դրամի չափով անկախ աշխատանքի ծավալներից»,- տեղեկացնում են ընկերությունից։

Ընդգծում են՝ ըստ ընկերության կանոնակարգի կիրառվում է մասնակի բոնուսային համակարգ։ Այսինքն՝ վարորդը, հաստատված աշխատավարձից բացի, բոնուսը ստանում է ըստ իրականացված փոխադրումների ծավալի՝ «տոննա/կիլոմետր հարաբերակցությամբ»:

Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շեշտում է՝ գործադուլավորների պահանջն անհիմն է և կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը։

Առաջարկում են կառուցողական երկխոսության միջոցով քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները:

Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին

Զգուշացնում են՝ հետագա պարապուրդի դեպքում արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը Սոթքում և Արարատի ֆաբրիկայում և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի:

«Սոթքի հանքի վարորդների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և էական վնաս են հասցնում ընկերության արտադրական գործընթացին, ստրատեգիական գործընկեր փոխադրող Հարավկովկասյան երկաթուղուն, որը Սոթքից հանքաքարը տեղափոխում է Արարատ, աշխատողներին, տեղի համայնքներին և ՀՀ պետական բյուջեին»,- նշված է հայտարարության մեջ։

Ընկերության ղեկավարությունը նաև նախազգուշացնում է, որ ապօրինի գործադուլի նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերի և այլ նորմատիվ ակտերի շրջանակում:

Աշխատանքներ են տարվում, որպեսզի Սոթքի հանքավայրում հաստիքներ չկրճատվեն

Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան:

Ընկերությունն ունի մոտ 1200 աշխատատեղ Գեղարքունիքի և Արարատի մարզերում, ներդրումները գերազանցում են 350 միլիոն դոլարը։