ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ նիստում քննարկելուն կողմ է քվեարկել 93 պատգամավոր, դեմ` 21–ը, 18 ձեռնպահ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ԵԽԽՎ օրակարգը քիչ առաջ հաստատել է` կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Որովհետև չէին գնացել գերիների հետևից». Ավագյանը` դատարկ ինքնաթիռի ու շահարկումների մասին

«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը»,–գրել է նա:

Մարուքյանը նաև հայտնել է, որ գերիների հարցը քննարկման դնելն օրակարգ է մտել 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանի ժամանակ քվեարկության պետք է դրվեր հայ ռազմագերիների խնդիրը քննարկման առարկա դարձնելու հարցը։

Նախորդ նստաշրջանին չհաջողվեց բանավեճ ունենալ այդ թեմայով, քանի որ այլ հարցեր ավելի էին կարևորվել եվրոպական այլ երկրների պատվիրակների համար։

Ադրբեջանը հայ գերիների հարցում մեկ հիմնական թեզ ունի. Միքայել Մելքումյան

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։