«Եթե նման դեպք լինի, ես անձամբ կգերեվարեմ այդ ադրբեջանցիներին». Բորիս Ավագյան

Արցախի ԱԻՊԾ փոխտնօրենը հայտարարել է, որ Ստեփանակերտում հայտնված ադրբեջանցիների մասին լուրերը «ֆեյք» են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Համացանցում հայտնվող լուրերն այն մասին, թե ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Ստեփանակերտ ու առևտուր անում քաղաքի խանութներից, իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունն այսօր ԱԺ—ում կազմակերպված գերիների հարցով քննարկմանն ասաց Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք թշնամական պետություն մեր առջև. արցախցի պաշտոնյա

«Դրանք սոցիալական կայքերում տեղադրված ինչ-որ ֆեյք լուրեր են, որոնք ես բացառում եմ։ Եթե դու շաբաթը 3-4 անգամ անցնես այդ ճանապարհով, դու կհասկանաս, որ դա անհնարին տարբերակ է։ Ես չգիտեմ` ով է տարածում այդպիսի կեղծ տեղեկությունները։ Բայց ես պաշտոնապես ասում եմ, դա բացառված տարբերակ է»,– ասաց Ավագյանը։

Արցախցի պաշտոնյան նաև վստահեցրեց, որ եթե նման դեպք լինի, ինքն անձամբ կգերեվարի Ստեփանակերտ մտած ադրբեջանցիներին։