Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

Քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

Իրանում հայտնված ինքնաթիռը Հայաստան չի եկել. Պապիկյանը բացատրեց` ինչու

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերն ու կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Դեսպան Զոհուրին իր հերթին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը. ՄԱԳԱՏԷ–ն հաստատել է

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է արվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։