ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ ԱԳՆ–ն կազմակերպում է Արցախում վտանգված հայկական մշակութային ժառանգության ցուցադրություն։
Լուսանկարների ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը և ներկայացված է լինելու Երևանի քաղաքապետարանի նախասրահում։ Մուտքը ազատ է լինելու` Երևանի պատմության թանգարանի մուտքի կողմից։
Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը, ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած դիվանագիտական պատվիրակությունները։
«Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, գրքեր` տպագրված ու մանրանկարազարդված Շուշիում, ձեռագործ կոթողներ` գորգեր, կարպետներ, որոնք ցույց են տալու մեր հարուստ ժառանգությունը, որն այժմ վտանգված է, և այդ երևույթը կոչվում է մշակութային ցեղասպանություն»,– ասաց Այվազյանը։
Կտավ եմ պատվիրել` Ղազանչեցոց վանքը, որ Շուշիի մեր տանը կախենք. զրույց մայոր Իսախանյանի հետ
Ցուցահանդեսը բաց է լինելու ապրիլի 21-ից մինչև մայիսի 2-ը։