ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատներն այսօր հանդիպելու են վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ։ Այս պահին նրանք հավաքվել են կառավարության առջև։
«Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պահանջելու ենք, որպեսզի կրճատվի նրանց ծառայության ժամկետը։ Իմ տղան 9 ամիս է, ինչ ծառայում է. 1.5 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց և անտրտունջ ամեն ինչ արել է։ Տղաս հիմա էլ ասում է, թե ամեն ինչ լավ է, բայց երբ տարանք հոգեբանի մոտ, վերջինս ասաց, որ վերականգնման կարիք ունի»,–ասաց զինվորներից մեկի մայրը` հավելելով, որ պահանջելու են, որպեսզի 6 ամսով կրճատվի նրանց ծառայության ժամկետից։
Մեկ ուրիշ ծնող էլ, որի տղային 3 ամիս էր մնացել ծառայելու, ասաց, որ պահանջելու են, որպեսզի զորացրեն այն տղաներին, որոնք 6 ամսից քիչ ժամկետ է մնացել։ Իսկ եթե 1 տարուց ավելի ժամանակ ունեն ծառայելու, ապա 6 ամսով կրճատեն նրանց ծառայությունը։
Անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբ հանդիպում է ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ
«Եթե պատերազմ լինի, էլի մասնակցելու են մեր տղաները, էլի ամուր կանգնած են լինելու, բայց մենք տեսնում ենք նրանց հոգեկան վիճակն այսօր։ Կռիվ տեսած մեր տղաներին պետք է գնահատենք, ոչ թե թողենք հոգեբանական այս ծանր վիճակում։ Մեր երեխաների ծառայությունն արդեն գերակատարվել է»,–ասաց զինվորից մեկի հայրը։
Նա հավելեց, որ վարչապետի հետ հանդիպումից դրական ակնկալիքներ ունեն։