Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել

Չնայած մարդու իրավունքների համար ակտիվ պայքարին՝ շատ երկրներում գենդերային բռնության խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Երիտասարդ երևանցին արդյունավետ միջոց է գտել՝ պաշտպանելու նրանց, ովքեր ենթարկվում են բռնության։ Օգնության են հասել ժամանակակից տեխնոլոգիաները։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Երևանի բնակիչ Մարիամ Թորոսյանն օգտագործում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ բռնության զոհ դարձած գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրա ղեկավարությամբ ծրագրավորողների խումբը ստեղծել է Safe You բազմաֆունկցիոնալ հավելվածը, որն օգնում է Հայաստանում և Վրաստանում ապրող շատ կանանց, և սա դեռ ամենը չէ։

Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել

«Հավելվածի նպատակն այն է, որ բռնության ենթարկված մարդը կարողանա օգնություն կանչել հաշված վայրկյանների ընթացքում», - բացատրում է Մարիամ Թորոսյանը՝ «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ» սոցիալական ձեռնարկության գլխավոր տնօրենը, որը 2020 թ-ին գործարկել է Safe You հավելվածը։

Հավելվածում կարելի է պահպանել մինչև յոթ հեռախոսահամար, որոնցից մեկը՝ ոստիկանության ծառայությանը։ Բավական է սեղմել HELP կոճակը և պահել երեք վայրկյան, ու նշված համարները, այդ թվում՝ ոստիկանությունը, հաղորդագրություն կստանան այն մասին, որ օգտատերը վտանգի մեջ է։ Հաղորդագրությունում նշվում է նաև օգտատիրոջ գտնվելու վայրը։

Բացի դրանից, կոճակը սեղմելուց հետո ավտոմատ կերպով միանում է ձայնագրիչը, որը ձայնագրում է հնարավոր ծեծկռտուքի և հնչող սպառնալիքների ձայները։ Հետագայում անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը կարելի է օգտագործել որպես ապացույց։

Ողբերգության կանխումը

Մարիամը պատմում է, որ վերջերս հավելվածը, որը գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան Վրաստանում, շատ է օգնել Թբիլիսիի բնակչուհուն։

Չափազանց շատ բռնություն կա աշխարհում. Հռոմի պապն իր ուղերձում հիշատակել է Արցախը

26-ամյա կինը, որը փոքր երեխա ունի, դիմել էր երկրի կանանց իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություններին մեկին։ Նա հայտնել է, որ իրեն և երեխային լուրջ վտանգ է սպառնում, խնդիրը նախկին ամուսինն է։ Քանի որ կինը հրաժարվել է գնալ ոստիկանություն, փաստաբանը խորհուրդ է տվել ներբեռնել Safe You հավելվածը։

Դրանից մի քանի օր անց նախկին ամուսինը կրկին հայտնվել է․ նա մանկապարտեզի մոտ պահանջել է, որ երեխան իր հետ գնա։ Երբ փոքրիկը հրաժարվել է, տղամարդը հարվածել է նրան։ Մայրն իսկույն օգնության է շտապել, և վիճաբանություն է սկսվել։ Կնոջը հաջողվել է այդ իրավիճակում սեղմել HELP կոճակը։ Կարճ ժամանակ անց ժամանել է ոստիկանությունը և կանխել ողբերգությունը։ Ագրեսորը նույնիսկ չի հասկացել, թե իրավապահ մարմինների աշխատակիցներն ինչպես են իմացել իր գործողությունների մասին։

«Կինը պատմեց մեզ, որ ֆիզիկապես չի կարողացել զանգել ոստիկանություն և առավել ևս հայտնել իր գտնվելու վայրը, քանի որ նախկին ամուսինն ուղղակի կխլեր հեռախոսը։ Իսկ ձայնագրությունն ապացույց է դարձել, որ ագրեսորն իսկապես մահացու վտանգ է ներկայացնում նրանց համար», - ասում է Մարիամը։

Տեղեկատվության կարևոր աղբյուր

Սակայն HELP կոճակը հավելվածի միակ գործառույթը չէ։ Ինտերֆեյսում կա Network բաժինը, որտեղ կարելի է գտնել երկրում գործող կանանց իրավունքների պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները։

Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով

Կա ևս մի կարևոր ֆունկցիա՝ հարց հոգեբանին։ Այսինքն` հավելվածը մի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են շփվել ինչպես միմյանց հետ, այնպես էլ մասնագետի (օրինակ` Վրաստանում նախագծում ներառված է 19 հոգեբան)։ Ընդ որում, քննարկումներին կարելի է մասնակցել ինչպես իրական անունով, այնպես էլ ծածկանունով։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք անձնական տվյալների պաշտպանությանը հատուկ ուշադրություն են դարձնում։

«Այժմ մենք բանակցություններ ենք վարում ինտերնետ մատակարարողների հետ զրոյական վարկանիշ տրամադրելու համար։ Այդպիսով հավելվածը կարելի է օգտագործել նույնիսկ առանց ինտերնետի և զրոյական հաշվեկշռի դեպքում, իսկ մինչ այդ ինտերնետի առկայությունն անհրաժեշտ է՝ ազդանշաններ ուղարկելու համար», - պատմում է Մարիամը։

Safe You-ի մասին տեղեկատվության տարածումը

Safe You-ն Հայաստանում գործում է արդեն մեկ տարի, իսկ Վրաստանում՝ ութ ամիս։ Այդ ընթացքում հավելվածը ներբեռնել է մոտ հինգ հազար կին։ Նրանցից 4,5 հազարը հարևան երկրի կանայք են։ Այնտեղ լրջորեն զբաղվում են հավելվածը տարածելով, երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկը նույնիսկ հաղորդում է պատրաստել այդ մասին։

Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի

Հայաստանում Թորոսյանի թիմն աշխատել է նախագծի տեխնիկական կատարելագործման վրա։ Հավելվածի վրա աշխատանքը սկսվել է 2018-ին։ Նախատեսվում էր նորույթը տարածել անցած տարի, սակայն դրան սկզբում խանգարել է համավարակը, այնուհետև՝ արցախյան պատերազմը։

«Տարեվերջին հայ օգտատերերի թիվն ավելի շատ կլինի։ Մենք արդեն սկսել ենք համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ։ Ծրագիրն առաջին հերթին պետք է նրանց շահառուներին։ Այս տարի հիմնական ուղղությունները կլիներ չորս մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը և Գեղարքունիքը»,- նշեց Թորոսյանը։

«Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը» բանակցություններ է վարում մի շարք արտասահմանյան երկրների հետ, որոնք շահագրգռված են հավելվածը ձեռք բերելու մեջ։

Ստվերային համավարակ

Վերջում Մարիամ Թորոսյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն` ամբողջ աշխարհում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից բռնության հետևանքով օրական մահանում է 141 կին։ Գենդերային սպանությունները կազմում են կանանց սպանությունների ընդհանուր թվի մոտ 80%-ը։

Անջելինա Ջոլին փորձում է Բրեդ Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ

Համարվում է, որ աշխարհում ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական բռնության է ենթարկվում թույլ սեռի յուրաքանչյուր երրորդ ներկայացուցիչ։

Ավելին, մի շարք հետազոտությունների տվյալներով՝ ամբողջ աշխարհում համավարակի և լոքդաունի պատճառով ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են 30%-ից մինչև 60%: Ուստի լոքդաունի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը հաճախ անվանում են «ստվերային համավարակ»։

Հ.Գ. Safe You հավելվածը Android-ից օգտվողները կարող են ներբեռնել այս հղումով, իսկ iOS–ից` այս հղումով։