ՌԱԴԻՈ

Պարիտետային հանձնաժողովը կա՛մ կուղղորդեն, կա՛մ կօգտագործեն հաշվեհարդարի համար. փորձագետ

Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք հանձնաժողով ստեղծելու առաջարկին։   
Sputnik
Պարիտետային հանձնաժողովը կա՛մ կուղղորդեն, կա՛մ կօգտագործեն հաշվեհարդարի համար. փորձագետ

Դավիթ Հարությունովի դիտարկմամբ` ընդհանրապես ռազմական գործողությունների արդյունքների վերլուծությունը նման հանձնաժողովի ձևաչափով շատ դժվար խնդիր է, և այդ առումով շատ սահմանափակ է նաև միջազգային փորձը, երբ ուսումնասիրություններ են կատարվել բուն պաշտպանական գերատեսչության շրջանակներից դուրս։

Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել

Ըստ փորձագետի`պարզ է, որ ցանկացած ռազմական գործողությունից հետո զինված ուժերը սկզբում որոշակի վերլուծություն անում են, բայց եթե խոսքն առնչվում է ավելի գլոբալ հետևանքներին և հանրային պահանջից բխող ինչ–որ ձևաչափ ստեղծելուն, ապա դա միշտ եղել է բարդ գործընթաց։ 

«Փաստորեն, խոսքը հաճախ իրար հակասող մի շարք գործոնների համադրման մասին է, այսինքն` այդ կառույցը նախ պետք է լինի անկախ, և երկրորդ` պետք է իր կազմում ունենա այնպիսի մարդիկ, որոնք որոշակի փորձ ունեն ու կարող են վերլուծել իրենց տրամադրվող տվյալները, և երրորդ` պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմ, որպեսզի կատարվեն համարժեք եզրակացություններ։ Այդ ամենը պետք է ունենա նաև հասարակական լայն աջակցություն»,– նշեց փորձագետը։

Այդուհանդերձ, Հարությունովն ընդգծեց, որ հայաստանյան պայմաններում չափազանց դժվար է նման հանձնաժողով ստեղծելը, առավել ևս գործնականորեն անհնար կլինի աշխատանքների արդյունավետության ապահովումը, որովհետև հանձնաժողովը կազմավորվելու է ներքաղաքական լարված պայմաններում։ Ըստ նրա` հստակ տեղեկատվություն չկար նաև ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, համենայնդեպս, ինչ–որ արդյունք դեռ չի ներկայացվել։    

«Իհարկե հասկանալի է, որ կա գաղտնիության չափաբաժին, բայցևայնպես, կարելի է ինչ–որ եզրակացությունների տեսքով ձևակերպումներ տալ ու դրանք հանրայնացնել։ Բուն հանձնախմբի ձևավորման գաղափարի հիմքում նաև այն դրույթն է, ըստ որի` անհրաժեշտ է պատասխանել հենց հասարակական հնչեղություն ունեցող հարցերին։ Մյուս կողմից` պետք է ընդունել, որ միշտ առաջացել են հանձնախմբի հետ կապված քաղաքական նկատառումներ»,– նշեց փորձագետը։

Հարությունովի պնդմամբ` ամենաբարդ խնդիրը կարող է ի հայտ գալ երկու կողմից, այսինքն` եթե գործող իշխանության օրոք է ստեղծվում փաստահավաք հանձնաժողովը, ապա պարզ է, որ կառաջանան գործընթացն ուղղորդելու կամ ցենզուրայի ենթարկելու կասկածներ, իսկ եթե ընդդիմությունը ստեղծի նման կառույց և գա իշխանության, ապա այստեղ էլ կա լուրջ մտավախություն, որ հանձնաժողովը կօգտագործվի հաշվեհարդար իրականացնելու նպատակով, հետևաբար, իրավիճակն այդ առումով, ըստ փորձագետի, փակուղային է։    

Պատերազմը մութ կողմ չի՞ ունենա. ԼՀԿ–ն պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ նախագիծ է մշակել, որով առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` հանձնաժողովը փաստեր է հավաքելու պատերազմի նախապատրաստական փուլի առնչությամբ։ Մասնավորապես, ի՞նչ ենք ունեցել պատերազմից առաջ, ի՞նչ իրավիճակում է եղել ՀՀ ԶՈւ–ն և պատրաստ եղե՞լ ենք պատերազմին։ Բացի այդ, դիվանագիտական մակարդակում ի՞նչ պրոցեսներ են ընթացել, որոնք նպաստել են պատերազմի վերսկսմանը։ 

Հանձնաժողովը կուսումնասիրի նաև պատերազմի շրջանը և եզրակացություն կներկայացնի` այդ կերպ պատասխանելով այսօր հնչեցվող մի շարք հարցերի։

Պատերազմը մութ կողմ չի՞ ունենա. ԼՀԿ–ն պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել