«Նրանք ունեն 10 000 դասալիք». Ալիևի հայտարարություններին արձագանքել է ՀՀ օմբուդսմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի արած հայտարարություններին և նշել, որ դրանք ֆաշիստական են, արմատավորում են ատելություն և ռասիզմ, առաջացնում թշնամանք Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում դատապարտել է Ադրբեջանի նախագահիч 2021թ. ապրիլի 13-ի արած հայատյաց հայտարարությունները, որում Իլհամ Ալիևն ասել է, թե հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է։

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

«Ադրբեջանի նախագահի` ապրիլի 12-ին «պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման»,–գրել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ելույթներին և վարվող քաղաքականությանը:

«Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը», – գրել է նա:

Թաթոյանի խոսքով`դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ պաշտպանն ընդգծում է, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չի վարել ու չի վարում:

Հիշեցնենք`Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթում ասել էր, թե հայերը լավ բժիշկների կարիք ունեն ու նրանց թունավորել են և այդ թույնը հիմնականում գալիս է սփյուռքից։ Նա նաև հայտարարել էր, որ հայկական բանակը գոյություն չունի, «նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»»:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով