Միջադեպ` Վայոց Ձորում. զոհվածի հարազատը Փաշինյանին չթողեց մոտենալ գերեզմանին. տեսանյութ

Զոհվածի հարազատը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ երբ զոհվածի երեք երեխաներին կկարողանա որևէ պատասխան տալ, նոր միայն կընդունի նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Վայոց Ձոր մարզ այսօր` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանն այցելել էր զոհվածների հիշատակը հարգելու, չեն թույլատրել նրան մոտենալ զոհերից մեկի շիրիմին. գրում է News.am-ը` տեսանյութ տեղադրելով։

Հայտնել էինք, որ Փաշինյանն այսօր եղել էր Վայոց Ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում։

Եվ ահա համայնքներից մեկում մի տղամարդ, որը զոհվածի աներորդին էր, ասում է, որ ունի իրավունք Փաշինյանին արգելելու մոտենալ իր հարազատի շիրիմին։

Նիկոլ Փաշինյանի` վայոցձորյան այցն ավարտվեց. ի՞նչ հասցրեց անել վարչապետը

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք։ Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,-ասում է տղամարդը Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս, երբ Փաշինյանը նորից կանգնում է այդ շիրիմի մոտ` փորձելով զրուցել տղամարդու հետ, վերջինս ասում է, որ իշխանությունից ոչ ոք չի օգնել իրենց գտնելու զոհվածի դին, ընդհակառակը` խանգարել են:

«Երբ ես նրա երեք երեխաներին պատասխան կգտնեմ տալու, էդ ժամանակ էլ ձեզ կընդունեմ»,–ասում է տղամարդը։

Փաշինյանը տղամարդուն միայն պատասխանում է` լավ եղեք և հեռանում։

Նշենք, որ այս միջադեպը հանվել է Վայոց Ձորի մարզ Փաշինյանի արած այցի տեսանյութերից, որոնք նա տեղադրել է իր ֆեյսբուքյան  էջում: