ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Նույնիսկ եթե զիջումների գնով հայկական կողմը փորձեր ԼՂ հարցի կարգավորմանը գնալ, նորից պատերազմ էր լինելու։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում շատերին հուզող հարցին` ինչի՞ հետևանք էր պատերազմը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից վարչապետն այցելել է Վայոց Ձոր և արդեն եղել Ռինդ համայնքում, զրուցել տեղի բնակիչների հետ։
«Միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում` եթե անգամ Հայաստանն իր շահերից չբխող լուծման համաձայներ։ Այսինքն` չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին փոխանախարար Էդվարդ Նալբանդյանն էլ Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում հայտնել էր` պատերազմից անհրաժեշտ և հնարավոր էր խուսափել։ Նրա խոսքով` Հայաստանի նոր իշխանությունները կասկածներ էին հայտնում, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդում էին, որ պատերազմն անխուսափելի է։
Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը
Բաքուն էլ, ըստ նրա, ստացավ այն, ինչը իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։