Ի՞նչ կտա մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե Թուրքիայի հետ հաշտվելու լավ հնարավորություն է ստեղծվել։
Sputnik

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշի այցելելու մտադրության մասին՝ հայկական բերդաքաղաքը անվանելով իրենց համար հաղթանակի և հպարտության խորհրդանիշ։ Էրդողանը շեշտել է, որ կշարունակի Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Արցախը վերջնականապես թուրքականացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հատուկ պարգևի  է արժանացրել Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին, ում նախագծած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայկական մի շարք տարածքների գրավումը Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից։

Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե լավ հնարավորություն է ստեղծվել՝ հաշտվելու Թուրքիայի հետ և նոր հարաբերություններ սկսել։

Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների՝ Հայաստանի այսօրվա ղեկավարները ջանքեր չեն խնայում հարևան երկու երկրների հետ թշնամական հարաբերությունները վերափոխելու բարեկամականի։ Որքանո՞վ է դա հնարավոր։ Հայաստանի իշխանության տրամաբանությունն եմ փորձում հասկանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանից։

«Մենք ունենք խնդիրներ Թուրքիայի նկրտումների հետ կապված։ Թեկուզ 2020թ․ պատերազմում Թուրքիայի գործողություններն ու բացահայտ աջակցությունը Ադրբեջանին ցույց են տալիս, որ Թուրքիան իրեն դիրքավորում է։ Իմ դիտարկմամբ, թուրք-ադրբեջանական այս տանդեմը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,-ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը։

Ստացվում է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և Թուրքիայից սպասվող նոր վտանգների առումով դիրքորոշումը միատարր չէ նաև իշխանության ներսում։ Ադրբեջանի և Թուրքիայի գծով մասնագիտացած պատգամավորը չի կիսում իշխանության ներսում իր գործընկերների կարծիքը՝ այն համարելով առնվազն անհեռատես։

«Հնարավո՞ր է արդյոք այս իրավիճակում երկխոսություն Թուրքիայի հետ։ Եթե պետության անվտանգային շահը դա է պահանջում, ապա կարելի է երկխոսել անգամ սատանայի հետ, բայց արդյո՞ք Թուրքիան պատրաստ է դրան։ Իմ համոզմամբ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկարաժամկետ կարգավորման մասին խոսելը անհեռատեսություն եմ համարում»։

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը հավաստիացնում է, թե որևէ մեկի արժանապատվությունը չի նվաստանա, եթե մենք անենք առաջին քայլը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ թշնամանքը վերացնելու առումով։ Պատգամավոր Տաթև Հայրապետյանը հենց արժանապատվությունն է համարում պետությունների կարևոր արժեքներից մեկը։

«Ի վերջո, ինչպես մարդկային հարաբերություններում, պետությունների հարաբերություններում էլ պետք է լինի արժանապատվություն։ Ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի խնդրում։ Եթե Թուրքիան իրապես հարաբերությունների կարգավորում ցանկանար, ապա պետք է գնար քայլերի, այնինչ նրանք չեն գնում դրան, այլ հակառակը, ինչքան մենք հետքայլ ենք անում, այնքան նրանք առաջ են գալիս։ Նրանց քաղաքական գիծը չի փոխվում»,-նշեց Տաթև Հայրապետյանը։

Ի՞նչ կտա մեզ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քաղաքական և տնտեսական առումով։ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում այս մասին հարցեր եմ ուղղում տարածաշրջանային քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանին։

«Ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գաղափարը շատ լավ է, բայց բոլոր այն մարդիկ, որոնք այժմ խոսում են հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու մասին, մի մեծ սխալ են գործում՝ հաշվի չառնելով աշխարհաքաղաքական կշիռները։ Հայաստանը որոշակի դերակատարում ուներ տարածաշրջանում իր կշիռներով՝ Հայոց ցեղասպանություն, արցախյան հակամարտություն, պանթուրքիզմի համար սեպ լինելու հանգամանքը... Իսկ երբ մենք հանեցինք բոլոր այդ գործոնները, այլևս մեզնից ոչինչ չենք ներկայացնում»,-կարծում է Սարո Սարոյանը՝ նշելով, որ տնտեսական համագործակցության խոստումները միֆ են։

C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից

Վերլուծաբանի կարծիքով՝ վերը նշվածից բացի՝ մեր տնտեսությունը նույնպես չունի բավարար ռեսուրս՝ ոտք մեկնելու Թուրքիայի հետ, որի տնտեսությունն իր զարգացման արագությամբ երկրորդն է՝ Չինաստանից հետո։

Հավելենք, որ Հայաստանից արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Այս վերջինը մեր երկրից գնում է հիմնականում ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքանյութ։ Թուրքիան կարող է դեպի Շվեյցարիա ճանապարհ լինել, բայց ինչպես այդ դեպքում, այնպես էլ հիմա երկաթուղային ճանապարհը հանքանյութը հասցնելու է մինչև Սև ծովի նավահանգիստներ, որտեղից արդեն ծովային երթուղով հայկական ապրանքը գնում է Եվրոպա։ Ռուսաստանին և Չինաստանին հետաքրքրում են տարբեր ապրանքատեսակներ, բայց Հայաստանը արտաքին աշխարհի հետ առևտուր անում է հիմնականում կոնյակի, հանքային ջրի, հագուստի միջոցով։ Այստեղ ևս Թուրքիայի դերը մոտենում է զրոյի։

«Մենք ի՞նչ առևտուր ենք անում, մենք միայն թուրքական ապրանք ենք ներկրում, իսկ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա արգելվում է։ Այսինքն մեր նկատմամբ իրականացնում է մի քաղաքականություն, երբ այն, ինչ իրեն ձեռնտու է, անում է, իսկ այն, ինչ մեզ է ձեռնտու, արգելում է։ Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում, օրինակ, երկաթուղային ենթակառուցվածքի աշխատանքը։ Վստահ եմ, որ դա ծառայելու է գլխավորապես Թուրքիայի շահերին, ոչ թե մեր»,-նշում է Սարո Սարոյանը։

Թուրքերը ագրեսիվ գործելաոճ են ընտրել նաև տնտեսական ոլորտում՝ փորձելով այդկերպ ներխուժել այլ երկրներ և քաղաքական ազդեցության ենթարկել։ Այդ առումով Հայաստանի համար ավերիչ կարող է լինել թուրքական գյուղատնտեսությունը։ 2007-ից մինչև օրս Թուրքիան աշխարհում առաջին տեղում է բալի, սերկևիլի, նռան, ուշադրություն դարձրեք՝ ծիրանի արտադրության ցուցանիշներով։ Երկրորդ տեղում է ձմերուկի, վարունգի, լոլիկի, սմբուկի արտադրությամբ։

Հայ գյուղացին կարո՞ղ է արդյոք մրցակցել կամ գոնե դիմադրել աշխարհի շուկաները գրավող և տնտեսական էքսպանսիայի հեռահար նպատակով Հայաստանում շատ ցածր գնով գյուղատնտեսական ապրանք ներմուծող Թուրքիային։