Չփորձեք մեր երկրում ատելության մթնոլորտ ավելացնել․ ՄԻՊ-ը զգուշացնում է պաշտոնյաներին

Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի, իսկ որոշ պաշտոնյաներ իրենց էջերով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են բռնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի- Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշ պաշտոնյաների «անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ» դիմել է իրավապահ մարմիններին։ Տեղեկությունը նշված է ՄԻՊ Facebook-ի պաշտոնական էջում։

Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը

Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով պաշտպանը բարձրացրել է այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են անում, «սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները» կամ էլ երբ պաշտոնյաներն են հրապարակայնորեն «կիսվում» կամ «հավանում» նման գրառումները:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ նման պաշտոնյաների արարքները պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) սահմանված քրեական պատասխանատվության ներքո:

«Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքը պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են բռնությունը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Պոլիկլինիկաների նկատմամբ անվստահություն կա. ՄԻՊ–ի տարեկան զեկույցը

Պաշտպանը շեշտում է՝ սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Նրա պնդմամբ՝ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը, մինչդեռ որոշ պաշտոնյաներ անում են ճիշտ հակառակն ու ավելացնում լարվածությունն ու ագրեսիվությունը։

Թաթոյանը շեշտում է՝ որոշ պաշտոնյաների կողմից արվող գրառումները խախտում են քաղաքացիների իրավունքները, խարխլում երկրում մարդու իրավունքների համակարգը։

«Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական»,- ընդգծում է պաշտպանը։

ՀՀ ՄԻՊ-ը Եվրամիությանը հորդորել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ՄԻՊ-ը ևս մեկ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար»։ Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր:

Հիշեցնենք՝ դեռ մարտի սկզբում կրքերը թեժացան կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի միջև։ Կառավարությունը մարտի 11-ի նիստում ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկը՝ կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Այն սահմանում է, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից: Փաստորեն, այս փոփոխությամբ կարող էր կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեկան բյուջեն։ Թաթոյանն այս որոշումը խտրական անվանեց՝ նշելով, որ այն ուղղված է ՄԻՊ-ի գործունեությունը սահմանափակելուն։

Արդեն ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Կառավարությունը խորհրդարանից հետ է կանչել ՄԻՊ-ի վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը։