ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլ — Sputnik. Լեռնային Ղարաբաղի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները ռուս սակրավորների կողմից պայթունավտանգ առարկաներից մաքրված դաշտերում ու խաղողի այգիներում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները գյուղատնտեսական նշանակության տարածքների ականազերծումն իրականացնում են գյուղապետարանների հայտերով։ Խոսքն այն գյուղերի մասին է, որոնք գտնվում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ, կամ այն շրջաններում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են իրականացվել:
«Մարդիկ վախենում են աշխատել, այստեղ ռումբեր, արկեր են ընկել, մարտեր են ընթացել։ Պետք է ականազերծել տարածքները, որպեսզի հանգիստ կարողանանք աշխատել», - ասել է Սոս գյուղի գյուղապետ Հունան Գրիգորյանը։
Խաղաղապահներն Ասկերանի բնակիչներին օգնել են վերականգնել Մեծ հայրենականի զոհերի հուշարձանը
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո ռուս խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից մաքրվել է 2000 հեկտար տարածք, 618 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 25500 պայթուցիկ առարկա, որոնք ոչնչացվել են հատուկ զորավարժարաններում պայթեցնելու եղանակով՝ անվտանգության անհրաժեշտ կանոնների պահպանմամբ: