Պայքար է իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու և դիմադրություն` դրա դեմ. Բադասյան

Sputnik

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոստացել է, որ առաջիկում հանրությունը կտեսնի կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական արդյունքները։ Տասնյակ քրեական գործեր առաջիկայում կուղարկվեն դատարան։ Բադասյանը խոսել է նաև առաջիկա ընտրություններից ու թե դրանց հնարավոր արդյունքի դեպքում ինքն իրեն որտեղ է տեսնում։

«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել

- Թերևս  սկսենք ամենահրատապ թեմայից. դատաիրավական բարեփոխումներ։ 2018թ–ին հեղափոխությունից հետո դատաիրավական բարեփոխումները սկսվեցին վեթինգով։ Այս պահին ո՞ւր ենք հասել ձեր գնահատմամբ։

- Բարդ հարց է։ Անընդհատ ասում ենք` սկսեցինք, բայց, կարծում եմ, պետք է ժամանակագրորեն ճիշտ պատկերացնենք, թե ինչից ենք սկսել ու ուր ենք հասել։ Ասում եք, որ դատաիրավական բարեփոխումները հրատապ թեմա են, այո՛, միանշանակ, հրատապ են։ Այսօր մեր հասարակությանը երևի ամենահուզող հարցերից մեկն է։ Բայց դատաիրավական բարեփոխումները նաև շարունակական ու համակարգային մոտեցում պահանջող երևույթ են։

Վեթինգի մասին շատ է խոսվում, շատ են շահարկումները։ Նախ` վեթինգի մի քանի «կտոր» արդեն ուժի մեջ են և գործում են. Դատավորների գույքային ստուգումը, այդ մասով կարգապահական վարույթների հարուցումը, առհասարակ կարգապահական վարույթների հարուցումը, այսինքն` ունենք արդյունքներ, ունենք դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր։

- Թվային տվյալներ ունե՞ք։   

- Իմ հարուցած կարգապահական վարույթներն արդեն անցնում են 45-ից։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նոր է սկսել, իհարկե, գործիքը կիրառել, բայց կարծում եմ, ճիշտ կլինի իրենք մեկնաբանեն, որովհետև մենք չենք տիրապետում այդ տվյալներին։

Կան նաև հարուցված քրեական գործեր` գույքային դրության ստուգման հիմքով, կարգապահական, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այսինքն` մասամբ գործում է։ Առհասարակ ի՞նչ է ասել վեթինգ։ Օրինակ` մենք ունենք մասնագիտական դատարանների ստեղծման նախագիծ` մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ենթամասնագիտացում ունեցող դատավորների, հակակոռուպցիոն դատարանի, որոնց կյանքի կոչումը, մենք կարծում ենք, որ էապես կազդի հանրային ընկալումների վրա և կբարձրացնի հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Ինչպես ես մշտապես նշել եմ` կոշտ վեթինգ կամ համատարած վեթինգ հնարավոր է իրականացնել սահմանադրական փոփոխություններով։ Եվ, ըստ էության, Սահմանադրության փոփոխությունների 7-րդ գլխի հատվածը ևս հայեցակարգային առումով պատրաստ է։ Իհարկե, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, կարծում եմ, կշարունակվեն արդեն արտահերթ ընտրություններից հետո։

- Դատաիրավական բարեփոխումների թեմայում չենք կարող շրջանցել նաև ԲԴԽ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Հանրության մի հատվածը սա մեկնաբանեց որպես քրեական հետապնդում այն բանից հետո, երբ ԲԴԽ նախագահը չենթարկվեց իշխանությանը։ Ձեր մեկնաբանությունն ինչպիսի՞ն է։ 

- Միգուցե հանրության հատված կա, որ այդպես է ընկալել։ Ես առնվազն չեմ նկատել։ Կարծում եմ՝ շատ է խոսվել իշխանություններին ցանկալի դատավորների մասին, հետո մեկ էլ ասում են` չէ, պարզվեց իրենց ցանկալի դատավորները չէին։ Այսինքն` փորձում են դատական իշխանության բոլոր գործընթացները ներկայացնել որպես իշխանության կողմից ինչ–որ քաղաքական պրոցեսների հատված։ Հետո հենց այդ շրջանակներն էլ արձանագրում են հակառակը։ Հետևաբար, խոսել քաղաքական հետապնդման մասին, կարծում եմ, ավելորդ է։ Սովորական պրոցես է, քրեական հետապնդում է սկսվել, և Դատական օրենսգիրքը կարգավորում է այդ դեպքում ինչ է տեղի ունենում։ Եվ ԲԴԽ–ն որոշումը կայացրել է. կասեցնել լիազորությունները։ Ոչ թե ինչ–որ մեկը ինչ–որ մեկին դարձնում է ԲԴԽ նախագահի Ժ/Պ, այլ դա էլ է կարգավորված օրենքով։

Պայքար է իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու և դիմադրություն` դրա դեմ. Բադասյան

Կարծում եմ, այստեղ որևէ մտահոգություն չի կարող լինել, որովհետև հենց ԲԴԽ–ն է կասեցնելու որոշումը կայացրել, և, եթե ինչ–որ խախտում նկատեին մինչ այս տեղի ունեցած պրոցեսում, կարծում եմ, կարձագանքեին։ Ի վերջո, բոլոր գործերը քննվում են դատական համակարգում, որի անկախության մասով առնվազն նմանատիպ շրջանակները վերջին շրջանում կասկածներ չեն հայտնում։

- ՀՀ նախագահը Դատական ու Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխությունների երկու նախագծերը չստորագրեց և ուղարկեց ՍԴ` դրանց սահմանադրականությունը ստուգելու։

- Առաջինի (հեղ. Դատական օրենսգիրք) մասով մենք էլ մտահոգություն արտահայտել էինք։ Բայց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մեր բոլոր մտահոգությունները փարատվել էին։ Երկրորդ ընթերցման հասած տարբերակը արդեն կարծում էինք, որ առնվազն խնդրահարույց չէ` Սահմանադրությանը հակասելու տեսանկյունից։

ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Դատական օրենսգիրքն առերևույթ խնդրահարույց է

Երկրորդ (հեղ. Քաղաքացիական օրենսգիրք) նախագծի մասով մենք ևս պնդել ենք, որ կան խնդրահարույց կետեր` զրպարտության և վիրավորանքի հատուցման չափերի հետ կապված, և ներկայացրել ենք մեր դիտարկումները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ առաջինի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա։ Բայցևայնպես, երկուսի մասով էլ կսպասենք ՍԴ–ի որոշումներին։

- Պատրա՞ստ եք վերանայել օրինագծերը, եթե կարիք լինի։

- Մեր նախագծերը չեն երկուսն էլ։ Մենք ունենք մինչդատական վարույթի հետ կապված ենթամասնագիտացման կարգավորումներ, որը ևս ՍԴ–ում է, և մենք վստահ ենք, որ այնտեղ սահմանադրականության խնդիր չկա։ Զրպարտության, վիրավորանքի մասով մենք ոչ թե պատրաստվում ենք վերանայել, մենք ավելի համակարգային մոտեցման կողմնակիցն ենք, և, կարծում ենք, և այդպիսի պատգամավորական նախաձեռնություն էլ է եղել, որ էական է նախ` այդ գործերի քննության սեղմ ժամկետները դատական համակարգում ապահովելը, ինչը միայն օրենքի փոփոխությամբ չէ, այլ նաև կազմակերպչական ու տեխնիկական կողմեր ունի դրա ապահովումը` կապված ծանրաբեռնվածության հետ։

Առհասարակ, անձի արժանապատվությունը Հայաստանում ներկայում, ցավոք, մեծ հարվածի տակ է. ցանկացած ապատեղեկատվություն, ցանկացած վիրավորանք հրապարակվում է, և դրա դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմը, կարծում ենք, ոչ թե փոխհատուցման չափերն են, այլ արագ, արդյունավետ դատական քննությունը և, առհասարակ, վիրավորանքը քննադատության հետ չմիախառնելու ու անձի արժանապատվությունը չնվաստացնելու հետ կապված ավելի համակարգային մոտեցումը, այդ թվում` սոցկայքերում տիրող իրավիճակի հետ կապված մենք անպայման նման նախաձեռնությամբ հանդես կգանք։

- Քանի որ ՍԴ–ից խոսեցինք, նաև այս հարցը կուզեի ձեզ տալ։ Հիշո՞ւմ եք, երբ Հրայր Թովմասյանի դեմ հավաքներ էին տեղի ունենում, երբ ՍԴ կազմի փոփոխություն էր տեղի ունենում, դա մեկնաբանվում էր այնպես, որ իշխանությունը փորձում է իրեն վերահսկելի ՍԴ ձևավորել։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի` ՔՐ.օր 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո մեկնաբանությունը փոխվեց։ Հիմա ասում են ՍԴ–ը իշխանության դեմ է գործում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՍԴ–ի աշխատանքը։

- Ես չեմ մեկնաբանի ո՛չ ՍԴ–ի, ո՛չ դատական որևէ այլ ատյանի որևէ որոշում։ Ես կասեմ` ինչ է տեղի ունենում Հայաստանում 2018թ–ից հետո, ընդհուպ մինչև հիմա և շարունակվելու է։ Պայքար է գնում իրապես անկախ դատական իշխանությւն ձևավորելու և դիմադրություն այդ քաղաքականության դեմ, որովհետև որոշ արտոնյալ խմբեր, այդ թվում` նախկին նախագահներ, այդ թվում`նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կամ այլ շրջանակներ` օլիգարխիկ և այլն, որևէ կերպ չեն կարող համակերպվել, որ ՀՀ–ում իրենք կարող են օրենքի առջև պատասխանատու լինեն և հավասար լինեն` ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, և բոլոր մեթոդներով պայքարում են բարեփոխումների, փոփոխությունների դեմ, այդ թվում` ես համոզմունք ունեմ, որ նաև կոնկրետ դատավարությունների շրջանակում։

Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու. Արցախի դատախազություն

Այդ պայքարը, կարծում եմ, ավարտվելու է անկախ դատական իշխանության ձևավորմամբ, և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքն ապահովվելու է, և անբեկանելի է լինելու, այնպես ինչպես Հայաստանում անբեկանելի է ազատ քաղաքական ինստիտուտների ձևավորումը, ազատ, արդար, հավասար իրավունքի հիման վրա ընտրական իրավունքի իրացումը։ Այսինքն` փոփոխություններ են տեղի ունենում, որոնց հանդեպ դիմադրությունն ապարդյուն է լինելու։

- ՍԴ–ն կարո՞ղ ենք որպես այդպիսին արդեն ձևավորված համարել։

- ՍԴ–ում մենք ասել ենք, որ վերացրել ենք Սահմանադրության կարգավորումների դաշտում առկա ճգնաժամը, որ ՍԴ ներսում կային երկու տարբեր կարգավիճակ ունեցող դատավորներ։ Այդ խնդիրը, այո՛, լուծվել է, բայց հենց այդ խնդիրների լուծման ժամանակ էլ մենք չենք ասել, որ դատական համակարգում ու ՍԴ–ում մենք ունենք այն իդեալը, որին ձգտում ենք։ Եվ ես էլի եմ ասելու, որ մենք մոտ էլ չենք անկախ դատական իշխանության ձևավորմանը։ Անկախ դատական իշխանությունը կլինի, երբ Հայաստանում գործարարությամբ զբաղվող շրջանակներն անընդհատ չեն դժգոհի դատական պրոցեսներից, ձգձգումներից, նաև` աբսուրդային որոշ որոշումներից, երբ քաղաքացիների իրավունքներն արդյունավետորեն կպաշտպանվեն դատական ատյաններում, և ոչ միայն գործող կամ նախկին պաշտոնյաների իրավունքները կպաշտպանվեն, այլև շարքային քաղաքացիների։

Հետաքրքիր մի բան` ես նայում եմ կալանքի որոշումներ, քրեակատարողական հիմնարկներում ովքեր են կալանավորված, ինչ հիմքերով, և երբ տեսնում եմ, որ սովորական քաղաքացու մասին է խոսքը, կալանքի երկարացումները որևէ խնդիր չեն առաջացնում, կալանավորվում են, երկարացվում են, որևէ խնդիր չի լինում։ Եվ երբ նայում ենք որևէ նախկին պաշտոնյայի գործ, տեսնում ենք, որ կալանքի երկարացումները բավական դժվար են, չեն երկարաձգվում, և կալանքի միջնորդությունները չեն բավարարվում։ Այսինքն` անկախ դատական իշխանության հասնելու համար բավական ծանր, հետևողական ու համակարգային աշխատանք ունենք անելու, որը կանենք անպայման։

- Քանի նոր կալանքներից խոսեցիք, ես կուզեի նաև Քրեակատարողական ծառայությանն անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ–ում, կառավարության գործունեությունը ներկայացնելով, հայտարարեց, որ ՔԿՀ–ներում այլևս հերթով չեն քնում, մահճակալների թիվը բավարարում է, որովհետև կալանավորների թիվն է կրճատվել։ Թվային տվյալներ կա՞ն, թե որքանով է կրճատվել, կամ ամսական միջին կտրվածքով քանի՞ կալանքի որոշում է կայացվում։

ՄԻՊ–ը և դատախազությունն արձագանքել են լրագրողին հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքին

- Այո, իհարկե, տվյալներ կան, բայց ես հիմա չեմ հավակնի թիվ ասել, բացի նրանից, որ դատապարտյալների ու կալանավորվածների թվի պատմական մինիմում ունենք` 30 տարվա ընթացքում։ Շուրջ 2000 դատապարտված ու կալանավորված անձ` ՔԿՀ–ներում։ Բնականաբար, քնելու խնդիր չկա։ 2000–ը մեր պատմական մինիմումն է։ Ես ասում եմ 2000, բայց մի շաբաթ կարող է լինել մի թիվ, մյուս շաբաթ` մի քիչ ավելանա, մի ուրիշ շաբաթ` մի քիչ պակասի։ Բաց 2021թ–ի միջինը 2000–ն է, որով Հայաստանը ԵԽ երկրներում առաջատար դիրքերում է։

- Պրոբացիայի ծառայությունը որքանո՞վ կարող ենք Հայաստանում կայացած համարել։

- 2021թ–ի առաջին եռամսյակում 21-25 անձ ապահովվել է աշխատանքով` Պրոբացիայի ծառայության միջոցով, իսկ 2020թ–ին` շուրջ 50 անձ։ Եվ դա վերասոցիալականացման մեր ծրագրի շատ կարևոր մասն է, որովհետև սկսած ՔԿՀ–ից և ավարտած ՔԿՀ–ից դուրս գալով, ես համարում եմ, որ վերասոցիալականացման ամենալուրջ խոչընդոտը դա աշխատանքի բացակայությունն է։ Այսինքն` եթե անձը դատապարտվել է ինչ–որ հանցագործության համար և ՔԿՀ–ից դուրս գալուց հետո չի ունենալու աշխատանք, կամ ՔԿՀ–ից սկսած իր հետաքրքրությունների շրջանակներում չի ձեռք բերում մասնագիտություն, մասնագիտացում, կամ չի ապահովվում աշխատանքով, ապա շատ մեծ է կրկնահանցագործության ռիսկը։ Իհարկե, սա վերասոցիալականացման միակ բաղկացուցիչը չէ։ Շատ կարևոր է նաև սննդի նոր համակարգը, որ ՔԿՀ բոլոր հիմնարկներում այս պահին կա, և ոչ մի դժգոհություն չկա այդ սննդի որակից, և օգտվելու մասով որևէ խնդիր չի առաջանում։ Այս առումով թե՛ պրոբացիայի ոլորտում ունենք բարեփոխումներ, թե՛ ՔԿՀ։

- Պրոբացիայի ծառայության համատեքստում խոսվում էր նաև այլընտրանքային խափանման միջոցների լայն կիրառման մասին։ Նույնիսկ մոտավոր ժամկետներ էին նշվում, որոնք վաղուց արդեն լրացել են։ Ի վերջո, ե՞րբ կներդրվեն էլեկտրոնային հսկողության միջոցները` էլեկտրոնային «բրասլետները», Հայաստանում։

- Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում կան թե՛ այլընտրանքային խափանման միջոցներ, թե ՛ այլընտրանքային պատժատեսակներ։ Երկուսն էլ ենթադրում են էլեկտրոնային «բրասլետների» օգտագործումը, և մեր ստացած այս տարվա բյուջետային ֆինանսավորմամբ, որը կապված է նաև միջազգային դոնորներից ստացած գումարների հետ, մենք ունենք նախատեսված առանձին տողով «բրասլետների» ձեռքբերում, և հիմա բանակցում ենք մի շարք ընկերությունների հետ` դրանց ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումից հետո 1 տարվա անցումային շրջանի ընթացքում հնարավոր լինի դրանք ստանալ։

Ստեղծվել է իրավիճակ, որ Քոչարյանի արարքում հանցակազմ կա, և նա արդարացվել է. գործով դատախազ

- Այսինքն` 2022թ–ից կունանա՞նք արդեն։

- Քանի որ Քրեական օրենսգիրքն արդեն ամբողջությամբ պատրաստ է ընդունման, և, կարծում եմ, որ հաջորդ լիագումարի ընթացքում կընդունվի ԱԺ–ի կողմից, և առնվազն մեկ տարի` կստացվի, որ 2022թ–ի հուլիսի 1-ից կամ պլյուս-մինուս կես տարի հնարավոր կլինի դրանք կիրառել։

- Պարո՛ն Բադասյան, կոռուպցիայի դեմ պայքարի ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ է արվում, որպեսզի հասարակությունը տեսնի, որ կատարված բարեփոխումներն արդյունք են տալիս։

- Կոնկրետ քրեական գործերով չեմ կարող մեկնաբանել։ Վստահ եմ, որ կլինեն խոշոր բացահայտումներ, հուսով եմ՝ դատական քննություններ կլինեն, և դատավճիռ էլ կունենանք։ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն արդեն գործում է, ես տեղյակ եմ, որ արդեն կան գործեր, բայց, բնականաբար չգիտեմ մանրամասները, որոնք ամփոփման փուլում են, և առաջիկայում հայցեր կներկայացվեն դատարան։ Դա է երաշխիքը, այսինքն` շարունակական պայքար, շարունակական գործիքակազմի ստեղծում, և ամենակարևորը` դրա էֆեկտիվ կիրառում պրակտիկայում։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անենք, որպեսզի չկրկնվի, նայե՛ք` ո՞ր իշխանությունն է ՀՀ–ում ներմուծել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ո՞ր իշխանությունն է հայտարարագրման համակարգը այդքան փոփոխությունների ենթարկել, դրել իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, ո՞ր իշխանությունն է ամբողջությամբ ավտոմատացնում այդ հայտարարագրման վերլուծության փուլը, ստեղծում դրա համար նպաստավոր պայմաններ։ Սա ցույց է տալիս, որ գործող իշխանությունն ունի ինստիտուցիոնալ մոտեցում և անում է ամենը, որպեսզի բացառվի կոռուպցիայով զբաղվելը ՀՀ–ում։

Վենետիկի հանձնաժողովը մինչև ապրիլի 20-ը պետք է ՀՀ ընտրական օրենսգրքի շուրջ կարծիք ուղարկի

- Հասկանալի է, որ նախաքննությունը հեշտ չէ, հետո կա նաև դատաքննության փուլ, բայց մարդիկ սպասում են ու ասում են` երկու տարի անցել է, դեռ ոչինչ չենք տեսել։ Կարո՞ղ եք ասել` երբ կտեսնենք։

- Ես չեմ կարող ասել, որովհետև քրեական գործ հարուցելու, քննելու, դատարան ուղարկելու լիազորություն չունեմ։ Բայց հանրությունը ճիշտ է, պետք է ունենայինք արդյունք` մինչև այս փուլը, քան ունենք։ Այսինքն` եթե նայենք վիճակագրական տվյալները, դրանք անհամեմատելի են` ՀՔԾ–ի քննած նախկին ու ներկա գործերը, վերականգնումների մակարդակն անհամադրելի թվեր են։ Այդ առումով արդյունքը կա, բայց, բնականաբար, հանրության ակնկալիքը դա չէ, այլ ավելի խոշոր բացահայտումներն են։ Կարծում եմ` առաջիկայում կունանանք, որովհետև նաև` ՊԵԿ–ում իմ աշխատանքից տեղյակ եմ, թե որքան դեպքերով են նյութեր նախապատրաստվել, քրեական գործեր հարուցվել, և դրանք, բնականաբար, ինչ–որ շրջանում պետք է տրամաբանական ելքի հանգեն։ Կարծում եմ՝ կունենանք արդյունքներ, հանրությունն էլ կտեսնի, որ ի վերջո, այս երկու տարում իրականում շատ աշխատանք է արվել։

- Շուրջ մեկ տարի առաջ ապօրինի գույքի համատեքստում շոշափվեց նաև «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքների կառուցապատման օրինականության հարցը։ Ձեր նշած գործերի մեջ կա՞ն նաև այս տարածքները։

- Եթե բավարար ազդակներ եղած լինեն,վտահ եմ, որ եղած էլ կլինեն։ Բայց դա փակ փուլ է, դատախազության տիրույթում է, չեմ կարող մեկնաբանել։

- Իսկ բացահայտումները, որոնց մասին ասացիք, հնարավո՞ր է, որ հայտարարվեն ընտրությունների շեմին ու վարկանիշ ավելացնեն իշխող քաղաքական ուժին։

- Ես հետաքրքրվել եմ, և իմ ճշտման արդյունքներով` այո, կան արդեն ամփոփման ենթակա արդյունքներ, և առաջիկայում կլինի։ Իսկ դա կհամընկնի ընտրություններից «առաջ»–ի, թե «հետո»–ի հետ, կարծում եմ, եթե մի տարի առաջ մենք կանխատեսել ենք, որ իրատեսական է առաջին եռամսյակում սպասել, նախ որևէ կերպ չէինք կարող պատկերացնել, որ արտահերթ ընտրություններ են լինելու հունիսի 20-ին, և, կարծում եմ, դրա հետ կապել չարժե։

Քանի՞ ազատազրկված կա ՔԿՀ–ներում. Հայաստանն ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է

- Այո, առջևում ընտրություններն են, մենք ընտրության ենք գնալու արդեն նորացված Ընտրական օրենսգրքով։ Օրենքի նախագիծն ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով,բայց պատասխանի չսպասեցիք, ինչո՞ւ։

- Մի քիչ այդպես չէ։ Իհարկե, որպես փաստ կարելի է դա արձանագրել, բայց մենք Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերների հետ կապի մեջ ենք եղել։ Իրենք ամբողջությամբ տեղեկացված են միջանկյալ փոփոխությունների մասին, և այդ միջանկյալ փոփոխությունների հետ կապված, կարծում եմ, վերջնական կարծիքում իրենց դիրքորոշումը կարտահայտեն։ Բայց մենք տեղեկացրել ենք, իրենք ի գիտություն են ընդունել։ Բացատրել ենք` ինչի հետ է կապված հրատապությունը, ինչու հենց այս պահին է անհրաժեշտ այդ փոփոխություններն անել։ Եվ, կարծում եմ, այստեղ որևէ հակասություն փնտրել կամ խոսել, որ մենք չենք հարգել Վենետիկի հանձնաժողովին, այս դեպքում ավելորդ է։

- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ բանավոր պատասխանը ստացել ենք Վենետիկի հանձնաժողովից։

- Դե, ի գիտություն են ընդունել։ Վենետիկի հանձնաժողովի նախկին կարծիքները կարող ենք նայել, թե մեծամասնական կարգի հետ կապված ինչ են ասել` Հայաստանի վիճակը հաշվի առնելով, թե նաև ռեյտինգային համակարգի հետ կապված։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, դա բխել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախկին կարծիքներից։

- Ընտրողների համար հարմար կլինի՞ գնալ ընտրության միանգամից նոր օրենսգրքով, նոր կանոններով։

- Ընտրողի համար ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, բացի նրանից, որ ավելի պարզեցվում է ընտրության պրոցեսը։ Այսինքն` չկա ռեյտինգային ցուցակ, տարածքային ցուցակ։ Կա մեկ կուսակցական ցուցակ` մեկ միասնական։

Մարդիկ սովոր էին անձնավորմանը` «Մասիվից» այսինչն է, Ավանից այնինչն է։

Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո

Եթե սովոր էին անձնավորմանը, այդ նույն անձինք ցուցակներում են հիմա, և երկրորդը` կարծում եմ՝ վատ երևույթի մասին ենք խոսում, եթե խոսում ենք «Մասիվից» այսինչի կամ Գորիսից այնինչի մասին, որովհետև սխալ պատկերացում է ձևավորվում ընտրական պրոցեսի մասին։ Իհարկե, անձի հեղինակությունն ամենևին պետք չէ երկրորդ պլան մղել, և, այո, մարդիկ նաև իրենց անձնական հեղինակությամբ են մասնակցում ընտրություններին, ինչը չի բացառում նաև կուսակցական ցուցակում եղած անձի հեղինակությունը, բայց երբ ամեն ինչ անհատականացնում ենք և բերում ենք այդ մակարդակին, նպաստում ենք, որպեսզի քաղաքական գործընթացների փոխարեն զարգանան ինչ–որ թաղային հարաբերություններ` դու` ինձ, ես` քեզ, մենք իրար հետ ենք մեծացել, կամ հաճախ ենթամշակույթի բնորոշ տարրեր էր ձեռք բերում այդ ընտրական պրոցեսը, ինչի համար էլ հենց Վենետիկի հանձնաժողովը տարիներ շարունակ անցումային ժողովրդավարության փուլում գտնվող երկրների համար ցանկալի չի համարել մեծամասնական համակարգը։

- Դուք էլ չժխտեցիք, որ նույն այս մարդիկ հիմա կուսակցական ցուցակներում են։ Երևույթը չի՞ կրկնվելու։

- Ես առհասարակ խոսում էի անհատի հեղինակության մասին։ Բացասականը նա է, որ օլիգարխին ընտրում են օլիգարխ լինելու համար, և հաճախ նաև զարտուղի ճանապարհներով կամ ընտրական պրոցեսը խեղաթյուրելով։ Թե չէ անձի հեղինակությունն ամենևին պետք չէ թերագնահատել։ Բնականաբար, անձինք իրենց հեղինակությամբ են նաև մասնակցում ընտրական պրոցեսներին, և ինչքան շատ հեղինակավոր մարդիկ լինեն ընտրացուցակներում, այդքան լավ։ Իհարկե, եթե ապահովվում է քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու սկզբունքը և օլիգարխիկ ու ենթամշակութային համակարգերից անձինք չեն հայտնվում նման ցուցակներում։ Դա էլ, կարծում եմ, յուրաքանչյուր կուսակցության ռիսկն է, որովհետև հանրության համար 2018թ–ից հետո, կարծում եմ, նման մոտեցումներն ընդունելի չեն լինելու, եթե նման անձինք հայտնվեն համամասնական ցուցակներում։

Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում

- Ընտրությունների արդարությունն ինչպե՞ս է ապահովվելու։ Եթե 2018-ին կար քաղաքացիական գիտակցության վերելք, հիմա այն, մեղմ ասած` նահանջ է ապրել։ 

- Բնական է, որ իշխանության ռեյտինգը փոփոխվում է, նաև` ընդդիմության ռեյտինգն է փոփոխվում, բայց, կարծում եմ, այդ գիծը հատված է, և հնարավոր չէ այդ գծից հետ վերադարձ։ Ժողովրդի համար ուղղակի ընդունելի չի լինելու, և երբեք ՀՀ քաղաքացին չի համաձայնելու նման պրոցեսի հետ։

Իսկ ինչպե՞ս է ապահովվելու։ Այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ` ազատ, հավասար ընտրական իրավունքի հիման վրա, առանց խախտումների, ընտրողների ազատ կամքի արտահայտմամբ։

- Դուք Ձեզ որտե՞ղ եք տեսնում ընտրություններից հետո։

- Որտեղ, որ քաղաքական թիմը նպատակահարմար կհամարի, ես անձամբ որևէ նախապատվություն չունեմ։

- Եթե վերածվեք ընդդիմության, ինչո՞վ եք զբաղվելու։

- Ընդդիմադիր գործունեությամբ։