ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղարության` ապրիլի 15-ին հրապարակած արձանագրությունների ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրվում է իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է գործող իշխանության կողմից։ ArmLur.am-ի միջոցով նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը` հավելելով, որ անհրաժեշտ է պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։
«Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ»,–ասում է Գասպարյանը։
Նրա խոսքով`գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը։ Սակայն, ըստ նրա, վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքն անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը։
Գասպարյանը քննիչ հանձնաժողով ստեղծելու կոչով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին։
«Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,–իր խոսքն ամփոփել է Գասպարյանը։
Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակն էլ, ի հավաստում վարչապետի ասածների, երեկ հրապարակել էր Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, այսպես կոչված, գաղտնազերծված փաստաթղթերը: Հետաքրքրական է, որ նիստի քաղվածքի 3 հրապարակված էջերի շուրջ 90 տոկոսի գաղտնիությունը պահպանված է։ Բացված է միայն դրա չնչին հատվածը, որի սակավությունը, սակայն, ընթերցողին թույլ չի տալիս հստակ դատողություններ անել` հօգուտ կողմերից որևէ մեկի։ Մասնավորապես, հրապարակված քաղվածքի օրակարգում նշվում է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Իսկ թե ինչ իրավիճակ է ու ինչ խնդիր, դժվար է ենթադրել։