ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հերքում է տարածված լուրերը, թե անհետ կորած զինվորների հարազատների և իր միջև միջադեպ է տեղի ունեցել։ Նա հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում՝ նման լուրերն անվանելով «հորինված կեղծիք»։
«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։
Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց»,- գրել է Թորոսյանը։
Նշենք, որ սոցցանցերում, ապա նաև մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե օրերս կառավարության շենքում անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները ծեծել են Արսեն Թորոսյանին՝ «դրսևորած լկտի պահվածքի համար»։ Նշվում էր, թե միջադեպը տեղի է ունեցել օրերս, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին: