Հրապարակավ շատ էլ չէր դժգոհում, բայց երբեմն ակնարկում էր, որ իր տարերքը ծովն է, իսկ երազանքը՝ կարիերան բրիտանական նավատորմում։ Ու երևի կկատարվեին նվիրական իղձերը, եթե չլիներ մի հանգամանք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամուսնացավ մի կնոջ հետ, որը 5 տարի անց անսպասելիորեն դարձավ թագուհի։ Նրանք վաղուց էին ծանոթ, դեռ այն ժամանակվանից, երբ 8-ամյա Էլիզաբեթի ծնողները աղջկա հետ այցելել էին այն քոլեջը, որտեղ սովորում էր 13-ամյա Ֆիլիպը, և խնդրել էին պատանուն զբաղեցնել իրենց դստերը մինչև իրենք կմասնակցեն պաշտոնական միջոցառումներին։ Աղջիկն ու տղան ակնհայտորեն դուր էին եկել միմյանց։ Իսկ պատերազմի ավարտից հետո Ֆիլիպը նամակ գրեց մայր թագուհուն՝ խոստովանելով, որ սիրահարված է Էլիզաբեթին։
Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած հարսանիքին ներկա էր 2 հազար մարդ։ Մի մեծ տոն էր, որը Ուինսթոն Չերչիլն այսպես բնութագրեց. «Պայծառ բռնկում՝ հետպատերազմյան Բրիտանիայի դժգույն երկնակամարում»։ Բայց հարսանիքից անմիջապես հետո Ֆիլիպը սեփական փորձով համոզվեց, թե որքան ճիշտ են իմաստուն մարդիկ, երբ պնդում են՝ սերը զոհողություն է պահանջում։ Լրիվ փոխվեց ազատություն և ինքնուրույնություն սիրող մարդու կյանքը. այժմ արդեն բոլոր պաշտոնական արարողությունների ժամանակ ամուսինը քայլում էր տիկնոջ հետևից, նույնիսկ ներողություն էր խնդրում Եղիսաբեթ Երկրորդի ննջարանը մտնելուց առաջ։
Բայց չխտացնենք գույները, քանզի մեկնաբաններից ոմանք էլ փաստում են՝ էնպես չի, որ Ֆիլիպը լրիվ ճնշված էր թագավորական ընտանիքում։ Ճիշտ է, ողջ աշխարհի համար Եղիսաբեթ Երկրորդն էր առաջինը, սակայն ընտանիքում առաջատար դերը Ֆիլիպին էր պատկանում։ Որպես այս պնդման հիմնավորում կարելի է բերել 1960 թվականին նկարահանված վավերագրական ֆիլմը, որտեղ, կներե′ք, ճիշտ մեր հայկական ավանդույթների նմանությամբ՝ Ֆիլիպը բարբեքյու, այսինքն, խորոված է պատրաստում, իսկ թագուհին աման է լվանում։ Էլ ի՞նչ եք ուզում՝ կարծում եմ՝ քիչ չեն այն տղամարդիկ, որոնք կերազեին, որ թագուհին իրենց տան ամանները լվանա՝ մինչև իրենք մանղալի մոտ շամփուր պտտելով են զբաղված։
«Հիմարներին տանել չէր կարողանում», վկայում են Ֆիլիպի հարազատները։ Եվ արքայազնը հաստատ պատճառ ուներ չսիրելու հումորի զգացումից զուրկ, բավական սահմանափակ մտավոր կարողությունների տեր և կարծրատիպերով ղեկավարվող մարդկանց, քանզի սիրում էր այնպիսի կատակներ անել, որոնք ոչ բոլորի կողմից էին ընկալվում։ Օրինակ, մի անգամ թագուհու և նրա ամուսնու հետ հանդիպմանը եկել էր Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն՝ իր երկրի ավանդական հագուստով, որը շատ էր նման պիժամայի։ Առաջնորդի հագուստը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո Ֆիլիպը ի վերջո չդիմացավ ու հարցրեց. «Էս պիժաման երևի հագել եք, որ հենց այստե՞ղ քնեք»։ Չգիտեմ՝ արդյոք պատկերացնո՞ւմ եք աֆրիկացու վիճակը։
Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը
Այո′, արքայազնի կատակները երբեմն ամենևին էլ նրբանկատ չէին։ Մի անգամ կանանց շրջապատում նա ամենայն անկեղծությամբ արտահայտեց իր կարծիքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին. «Հո գաղտնի՞ք չէ, որ բրիտանացի կանայք կերակուր պատրաստել չգիտեն»։ Իսկ դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ երեխաներին ուղղեց բոլորիս քաջ ծանոթ հարցը. «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»։ Ու երբ 13-ամյա Էնդրյուն խոստովանեց, որ երազում է տիեզերք թռչել, արքայազնը նայեց նրա փորին ու փաստեց. «Տղա ջան, կներես, բայց ախր դու շատ չաղ ես տիեզերագնաց դառնալու համար»։
Այս կատակները հանրահայտ են, սակայն բրիտանացի մեկնաբաններից մեկը՝ Ջոնի Դայմոնդը, շատ ճիշտ նկատել է. «Մեր գիտակցության մեջ նրա մասին արմատավորվել է բավական պարզունակ պատկերացում, այնինչ իրականում արքայազն Ֆիլիպը բարդ, խելոք և անընդհատ նորին ձգտող անձնավորություն էր»։
Ինքը՝ արքայազնը, մի քանի տարի առաջ ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում հաղորդավարի հարցին, թե ինչպես է պատկերացնում ինքն իրեն, շատ հակիրճ պատասխանել է. «Ոչ մի կերպ էլ չեմ պատկերացնում ինքս ինձ, ես ուղղակի կամ, ու վե՛րջ»։