Ձեզ սխալ են զեկուցել. «Արաքս թռչնաֆաբրիկայի» բաց նամակը ՀՀ վարչապետին

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ ՀՀ վարչապետին համապատասխան գերատեսչությունների կողմից ձվի շուկայի վերաբերյալ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը, մտահոգ լինելով ոլորտում առկա խնդիրների կարգավորմամբ, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ, ինչպես նաև գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝քննարկելու և լուծումներ տալու ոլորտում առկա խնդիրներին, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այդպես էլ հարցին ընթացք չի տրվել: Այս մասին ասվում է բաց նամակում, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղել է «Արաքս թռչնաֆաբրիկան»։ 

Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը

Նշվում է, որ դեռևս Զատիկից շատ առաջ՝ 2021թ. փետրվարի 12-ին, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը դիմել է պետական մարմիններին հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:

Միաժամանակ, 2021թ. փետրվարի 22-ին ՀՀ թռչնաբույծների միությունը՝ ոլորտի որոշ տնտեսվարողների հետ համատեղ գրությամբ, դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որով հայտնել են Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը:

Մենք չենք կարող ձու ներմուծել կամ արտադրել. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրում է ձվի հետտոնական շուկան

Այնուհետև 2021թ. մարտի 1-ին ընկերությունը կրկին անգամ դիմել է հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար: 2021թ. մարտի 3-ին վերը ներկայացված երկու թույլտվությունների մասով ստացվել է մերժում:

«Այնուամենայնիվ, ընկերությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետություն հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասել և շուկա է մտել միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում, սակայն պետք է արձանագրենք, որ հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր շուկայի դեֆիցիտը ծածկելուց»,–նշված է բաց նամակում:

Ընկերությունը շեշտում է, որ վերոգրյալ փաստերը վկայում են այն մասին, որ Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես ներկայացվել է վարչապետին մի շարք պետական մարմիննների կողմից։ Ընդհակառակը՝ հավի սննդային ձվի շուկայում խնդիրները նոր չեն և գալիս են դեռևս 2019թ-ից:

Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունները միտված են ոչ թե ոլորտում առկա մրցակցային խնդիրների կանխարգելմանը, այլ միայն առաջացած խնդիրների արձանագրմանը և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հաճախ ոչ օբյեկտիվ պատասխանատվության միջոցների կիրառմանը, ինչն էլ հանգեցնում է առաջացած խնդիրների խորացմանն ու ոլորտի շարունակական քայքայմանը»,– նշված է վարչապետին ուղղված բաց նամակում:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ ՀՀ վարչապետը հայտարարություն արեց` նշելով, որ տնտեսվարողները պլանավորում էին, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, ձու պետք է ներկրեն և պլանավորած ձուն ներկրում էին, սակայն այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից երկու-երեք օր հետո։

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերությունը ձվի գների վերաբերյալ որոշ գաղտնիքներ է բացել