ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ադրբեջանական կողմի հետ առաջիկայում հանդիպում նախատեսված չէ: Իսկ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ արած հայատարարությանը։
Ալիևն իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել։
«Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու` ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ցուցադրության կազմակերպումն ինքնին՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով»,–ասել է Նաղդալյանը։
Ալիևը խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունը
Նա անդրադարձել է նաև նույն համաժողովի ժամանակ Ալիևի հնչեցրած այն մտքին, թե Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է։ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշում է` պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Նա հավելել է, որ նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, Նաղդալյանը նշել է` այս հարցում Հայաստանն ակնկալում է առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը։
Ալիևը հակահայկական տրամադրություններ է հրահրում նաև այլ մահմեդական երկրներում. Արցախի ԱԳՆ