Ոստիկանության զորքերում կգործի ԳՇ–ի սկզբունքը. պետին կնշանակի նախագահը`վարչապետի առաջարկով

Ներքին գործերի նորաստեղծ նախարարության կազմում կներառվեն ոստիկանությունը, միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը, ոստիկանության զորքերը, ինչպես նաև ոստիկանության ակադեմիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոստիկանության ծառայությունը վերածել նախարարության։

Նախագիծը կառավարության նիստում ընդունվեց միաձայն, առանց զեկուցման ու քննարկման, թերևս հաշվի առնելով, այն հանգամանքը, որ տվյալ փոփոխությունը նախատեսված էր դեռ 2020 թվականի ապրիլի 23-ին հաստատված Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ.–ի ռազմավարությամբ։

Ապրիլի 7-ին կանանց դեմ ուժ կիրառելու վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել

Նախատեսվում է, որ նորաստեղծ նախարարության կազմում կներառվեն ոստիկանությունը, միգրացիայի ու  քաղաքացիության ծառայությունը, ոստիկանության զորքերը, ինչպես նաև ոստիկանության ակադեմիան։

Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և ազատելու է վարչապետը` ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Բացառություն է նախատեսվում միայն  ոստիկանության զորքերի հրամանատարի համար։ Նրան նշանակելու և ազատելու է ՀՀ նախագահը` վարչապետի առաջարկով, այնպես, ինչպես զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի համար նախատեսում է ՀՀ Սահմանադրությունը։

«Ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ»,– ասված է կառավարության որոշման նախագծում։

Ներքին գործերի նախարարության կազմավորման արժեքը գնահատվել է 25 մլն դրամ։ Գործադիրը, սակայն, չի թաքցնում, որ կպահանջվեն նաև լրացուցիչ ֆինանսական ներդրումներ պետական բյուջեից` պայմանավորված աշխատավարձերի վճարմամբ:

Հիշեցնենք` ոստիկանությունը որպես  ծառայություն ձևավորվել  է 2002թ–ին։ Մինչ այդ այն նախարարությունն էր։

Ոստիկանությունը վերանայում է վարորդական իրավունքի քննության կարգը

2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների տրամաբանությամբ և 2018 թվականին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով ոստիկանությունն այլևս ոչ թե կառավարությանն, այլ վարչապետին առընթեր մարմին էր սահմանվում, ինչը այն դնում էր վարչապետի ուղղակի ենթակայության տակ։