Մելնիկովն արցախյան պատերազմի հուզիչ լուսանկարների համար «ոսկի» է նվաճել մրցույթում

Sputnik

Մելնիկովն իր «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը նկարել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում:

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

Մելնիկովի հաղթանակի մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։ «World Press Photo»-ի չորս բարձրագույն պարգևների դափնեկիրների անունները կհայտարարվեն առցանց հեռարձակման ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին Մոսկվայում:

Բարձրագույն պարգևներ կհանձնեն հետևյալ անվանակարգերում` «Տարվա ֆոտոպատմություն» (the World Press Photo of the Year) և «Տարվա լուսանկար» (the World Press Photo of the Year), որոնցում ներկայացվել է նաև Մելնիկովի շարքը, «Տարվա ինտերակտիվ» (the World Press Photo Interactive of the Year), «Տարվա առցանց տեսագրություն» (the World Press Photo Online Video of the Year)։

«World Press Photo-2021» մրցանակի ռուս հաղթողների թվում են նաև Ալեքսեյ Վասիլևը, որն առաջին տեղն է գրավել «Արդիականության հիմնախնդիրները» (Contemporary Issues) անվանակարգում, Օլեգ Պոնոմարյովն ու Տատյանա Նիկիտինան` «Միայնակ դիմանկարներ» (Portraits – Singles) անվանակարգում (առաջին ու երրորդ տեղեր), ինչպես նաև Ալիսա Մարտինովան` «Դիմանկարներ» (Portraits–Stories) անվանակարգում (2–րդ տեղ):

«Մայրը կրկնում էր` ինչո՞ւ հենց դու». բրազիլացի ռազմական թղթակիցը պատմում է Արցախի մասին

Վալերի Մելնիկովն արդեն երրորդ անգամ է «World Press Photo»-ի մրցանակակիր դառնում։ 2017թ․-ին նրա «Ուկրաինայի սև օրերը» ֆոտոշարքը՝ Դոնբասում ողբերգական իրադարձությունների մասին (2014թ․-ի ամռանը), «ոսկի» էր շահել «Երկարաժամկետ նախագծեր» (Long Term Projects) անվանակարգում։ Ուկրաինական հակամարտության մասին նրա վավերագրական եռագրության երկրորդ մասը՝ «Ընդհատակում» (Underground), որը պատմում է Դոնբասի խաղաղ բնակիչների (հեղինակի բնորոշմամբ՝ «պատերազմի ստվերում ապրող մարդկանց») մասին, միավորել էր լուսանկարներ, տեսանյութեր և ձայնագրություններ և 2018թ․-ին «արծաթ» էր շահել «Թվային պատմություն/կարճ ձևաչափ» (Digital Storytelling/Short Form) անվանակարգում։

«World Press Photo»-ն ֆոտոլրագրության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակն է, որը լուսանկարչության աշխարհում համեմատում են «Օսկարի» հետ։ 2021թ․-ի մրցույթին ներկայացվել է 4315 լուսանկարչի 74 470 լուսանկար՝ 130 երկրից։

Վալերի Մելնիկովը ժամանակակից Ռուսաստանի ամենաշատ մրցանակներ ստացած ֆոտոլրագրողներից մեկն է, որը նկարահանում է ամենատարբեր ժանրերում։ Նրա ֆոտոաշխատանքները եղել են մի շարք միջազգային և ռուսական լուսանկարչական մրցույթների short-list-ներում և բազմաթիվ մրցանակներ շահել։

1 / 10
Ուխտասարի բնակիչ Անուշավանն իր տան բակում
2 / 10
Մարտունի, ռմբակոծությունից հետո մնացած հրթիռի հատված
3 / 10
Բերձորում բնակվող ընտանիքը լքում է տունը
4 / 10
Բերձորի բնակիչները լքում են քաղաքը
5 / 10
Բերձորի բնակիչները հանում են նախնիների աճյունները Հայաստանում վերահուղարկավորելու համար
6 / 10
69–ամյա Հասմիկ Աբովյանն իր տան դռների արանքում
7 / 10
Թաղավարտի բնակիչները
8 / 10
Քարեգահի բնակիչ Արեգն իր այրվող տան բակում
9 / 10
Բերձորի բնակիչ Հակոբ Տերսյանը նայում է պատուհանից
10 / 10
Քարվաճառը լքող բնակիչներն այրում են իրենց տները