Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Վրաստանի նախագահները. հանդիպման մանրամասները հայտնի են

Սարգսյանն ու Զուրաբիշվիլին բանակցություններ են վարել, որոնց ընթացքում մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի նախագահները՝ Արմեն Սարգսյան ու Սալոմե Զուրաբիշվիլին ներդրումների ներգրավման հետ կապված մի շարք նախաձեռնություններ են քննարկել։ Վրաստանի նախագահն այդ մասին հայտարարել է հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում նախագծերի իրականացման հարցերը», – նշել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում քննարկվել են այն նախաձեռնությունները, որոնք կարող են ընդունվել նախագահների մակարդակով։ Խոսել են հայ-վրացական նախագծերի իրականացման համար բիզնեսին աջակցելու մասին։

«Քննարկումները կշարունակվեն, և մենք կփորձենք կոնկրետ արդյունքների հասնել», - ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հպարտացել է, որ Վրաստանում բնակվող հայազգի քաղաքացիները բոլոր միջոցներն օգտագործում են մայրենի լեզուն ու մշակույթը պահպանելու համար: Նա նաև ընդգծել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք յուրացնեն պետական լեզուն, ինտեգրվեն երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքին:

Բացի այդ, Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ խաղաղությունն ու համագործակցությունը անհրաժեշտ պայմաններ են Հարավային Կովկասի զարգացման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի ներուժի, տարածաշրջանային նոր հարթակների դերի, ինչպես նաև Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ ուրախ է Սարգսյանի այցի համար, որը նախատեսված էր դեռ համավարակից առաջ։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: