Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ն չի թաքցնում, որ իր առջև նպատակ է դրել կիրառել Եվրամիության մոդելը, և իրականում եթե նույնիսկ այնտեղ չհայտարարվի այդ մասին, միևնույնն է, տնտեսական միությունը համագործակցության չորրորդ` բարձրագույն ձևն է։ Սկզբում ազատ առևտուր, հետո մաքսային միություն, այնուհետև ընդհանուր շուկա և վերջում տնտեսական միություն։
«Եթե խոսում ենք տնտեսական միության մասին, ապա պետք է նայել, թե ինչպես են եվրոպացիները դրան հասել, ինչի համար պահանջվել է առնվազն կես դար։ Համագործակցությունն ի սկզբանե սկսվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև` կնքելով հայտնի պողպատի և ածխի դաշինքը։ Դրանից հետո արդեն ատոմային էներգետիկայի ոլորտում ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ու Գերմանիան պատերազմի ժամանակ հակամարտող կողմեր էին և ռևանշը բացառելու համար եկան համաձայնության` որոշելով ապրել ավելի քաղաքակիրթ պայմաններում»,– նշեց տնտեսագետը։
Մանասերյանի կարծիքով` այն, ինչ այսօր տեսնում ենք, անգամ թույլ չի տալիս մտածել, որ կարելի է տեսանելի ապագայում նման երկրների հետ, ինչպիսին Ադրբեջանն է, ունենալ քիչ թե շատ համարժեք, ադեկվատ հարաբերություններ։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անթաքույց արտահայտում են իրենց հայատյացությունը և ներկա պայմաններում, երբ Բաքվում բացվում է պատերազմի ավարի պուրակ, հետևաբար այդ ամենը բացարձակապես չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը։
Տնտեսագետի համոզմամբ` նման պայմաններում Հայաստանը ճիշտ կանի, եթե օգտագործի վետոյի իր իրավունքը, որովհետև իրականում Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ–ին մեզ ոչինչ չի տալու, ո՛չ ճանապարհներն են ապաշրջափակվել, ինչը նախաձեռնել էին Ադրբեջանն ու Թուրքիան, ո՛չ էլ խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ քայլ է կատարվել Ադրբեջանի կողմից։ Եվ նման պայմաններում խոսել տնտեսության մասին, ըստ Մանասերյանի, կարող են միայն հոգեկան հիվանդները։
Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները
Նշենք, որ ռուսական РБК–ի տեղեկատվության համաձայն` ԵԱՏՄ երկրները քննարկում են միության ղեկավար մարմնի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` մինչ այժմ դրան խոչընդոտում էին Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: