ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 7 548 000 000 դրամ` որպես դրամաշնորհ։
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, հատկացման նպատակն Արցախի քաղաքացիներին 4 ամսվա թոշակներ տրամադրելն է։
«Որոշման համաձայն` 2021թ–ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին յուրաքանչյուր ամիս Արցախի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվելու է 68 000 դրամ աջակցություն` բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց։ Մինչև այժմ Արցախին տրամադրված ընդհանուր աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ»,– ասաց նախարար Առաքելյանը։
Նա նաև հիշեցրեց, որ կառավարության նախկին որոշումներով ևս շուրջ 22 մլրդ դրամ է հատկացվել Արցախին։ Իսկ ընդհանուր աջակցությունների ծավալը կազմելու է շուրջ 55 մլրդ դրամ։
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` արցախցի քանի ընտանիք է սպասում բնակարան ստանալու իր հերթին
Ընդ որում, հատկացված գումարի շրջանակներում միայն մարտ ամսին աջակցություն է ստացել Արցախի ավելի քան 101 000 քաղաքացի։
«Ծրագրի շահառու են դառնում ԱՀ բոլոր քաղաքացիները` բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց։ Այսինքն` կանայք, երեխաները, կենսաթոշակառուները, որոնք հաշվառված են Արցախում։ Անցյալ ամիս այդ շահառուների թիվը կազմել է 101 000 քաղաքացի»,– ասաց Առաքելյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։
Հայաստանում դեռ 25 000 արցախցի է ապրում. կառավարությունը կշարունակի աջակցության ծրագրերը