Չի լինի տևական խաղաղություն առանց արցախյան հիմնահարցի արդար կարգավորման. Սարգսյան

ՀՀ նախագահը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Ադրբեջանի կողմից պատերազմից հետո ստեղծված իրավիճակը շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելու անթույլատրելիության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանը  մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ բարեկամությանն ու համագործակցությանը: Նման հայտարարություն է արել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքի ակտիվ մասն են կազմել դարերով և այսօր էլ հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Վրաստանում և վրացի գործընկերները հաջողությամբ աշխատում են Հայաստանում:

Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Վրաստանի նախագահները. հանդիպման մանրամասները հայտնի են

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, գյուղատնտեսության և մշակույթի ու բազմաթիվ այլ ոլորտներում: Առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների զարգացման , կենսատեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, պարենային անվտանգության ապահովման հարցերով: Համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ է»,–ասել է նախագահը:

Սարգսյանը ընդգծել է, որ նախագահական ինստիտուտների  համագործակցության ներքո կարող են քաջալերել ժամանակակից գործարար հարաբերությունների զարգացումը երկու պետությունների միջև:

«Ուզում եմ վստահեցնել, որ ես պատրաստ կլինեմ ձեզ հետ և ձեր գործընկերների հետ աշխատել, որպեսզի գործարար, բարեկամական հարաբերությունները շատ արագ զարգանան»,–ասել է նա:

ՀՀ նախագահը Վրաստանի նախագահի հետ զրույցում  անդրադարձել է  նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերին՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները:

Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը

«Ես իմ վրացի գործընկերոջը ներկայացրի ԼՂ հարցում հայկական կողմի մոտեցումները և տեսակետները, հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է հաստատել տևական խաղաղություն և ապահովել կայունություն առանց նաև  արցախյան հիմնահարցի արդար կարգավորման: Նաև նշեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հնարավորությունը և  դրա անհրաժեշտությունը: Շեշտեցի պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար հսկայական խնդիրները, այդ թվում Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին կամ այն անձանց, որոնք այդպիսի կարգավիճակ ունեն, նրանց ազատ արձակման հարցում շուտափույթ լուծումներ գտնելու կարևորությունը», – ասել է նա:

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախի թեման

Նախագահը ընդգծել է նաև Ադրբեջանի կողմից պատերազմից հետո ստեղծված իրավիճակը շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման  քաղաքականություն վարելու անթույլատրելիությունը: Նրա խոսքով`այդ քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում Սարգսյանը նաև անդրադարձել է  ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմական և հոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության հարցին:

Նա հույս է հայտնել, որ Վրաստանի նախագահի հետ կակտիվանցնեն երկու երկրների միջև համագործակցությունը և ապագայում Վրաստանի նախագահին կտեսնի Հայաստանում: