ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Գագիկ Ջհանգիրյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկանում ենք ԲԴԽ պաշտոնական կայքից։ Նշենք, որ այսօր դռնփակ նիստ է եղել, որտեղ էլ քննարկվել է հարցը։

Արդեն հայտնել էինք, որ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրգործով վարույթի ավարտը: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրգործի ավարտը»,–ասված է որոշման մեջ:

Նշվում է նաև, որ նման որոշման համար հիմք է ընդունվել գլխավոր դատախազի կողմից Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ԲԴԽ–ին տեղեկացնելը։

Այսինքն` Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։ 

Հավելենք, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»