ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook–ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում երևում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը հյուրերի պատվո մատյանում: Ես վստահ եմ, որ այս այցի արդյունքներն ավելի կամրապնդի հայ և վրացի ժողովուրդների կապը, սերտ, բարեկամական հարաբերությունները, և դա կլինի հօգուտ մեր ապագա սերունդների»,–լուսանկարին կից գրել է Վրաստանի նախագահը:
Արմեն Սարգսյանի գրառում ամբողջությամբ չի երևում, բայց հասկացվում է, որ նա իր գոհունակությունն է հայտնում Զուրաբիշվիլիին Վրաստան հրավիրելու հրավերի համար, իսկ գրառման վերջում Արարատի պատկերն է, որի տակ գրված է. «Ջերմ բարևներ Հայաստանից»։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: