Ապրիլի 17-ին Երևանում շաբաթօրյակ կկազմակերպվի. նախատեսվում է մաքրել Հրազդանի կիրճը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է այդ աշխատանքների մասնակիցը դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ապրիլի 17-ին Երևանում շաբաթօրյակ կկազմակերպվի։ Նախատեսվում է մաքրել Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Միջոցառումը կազմակերպել և այդ մասին Facebook–ի էջում տեղեկացրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը։

Աշխատանքները նախատեսվում է սկսել ժամը 10։00-ին։ Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։
Մեկնարկային կետերն են՝

  • Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից),
  • Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից),
  • Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից),

«Ընտրում եք ձեզ հարմար վայրը, մոտենում տեղում գտնվող մեր աշխատակիցներին, ստանում անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։ Հավաքված աղբից տեղում կտեսակավորենք թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկենք վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր»,–ասվում է ՀՈԱԿ–ի հայտարարության մեջ:

Շաբաթօրյակի կազմակերպիչներն առաջարկում են նախաձեռնությանը միանալ ընկերներով, կոլեկտիվներով ու ընտանիքներով։

«Ուզում եմ՝ այս շաբաթօրյակով մեր մեղքերը քավենք». Գեղարքունիքի մարզպետը Սևան է հրավիրում