Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Բելառուսի առաջնորդն այդպիսով հաստատել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նման առաջարկ արվել է, սակայն վերջինս հրաժարվել է վերցնել գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին՝ Արցախի հարցի խաղաղ լուծման դիմաց։

Հայ-ռուսական հարաբերություններն ու արցախյան պատերազմը. ո՞րն է Փաշինյանի մեղքը

Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարում Ալիևի հետ: Հանդիպման արդյունքում երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին, տեսանյութի մի հատված չորեքշաբթի ցուցադրել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը:

«Ես, իհարկե, երբ էլ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչ է Իլհամ Հեյդարովիչն առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ Առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց․ «Լսիր, հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես, ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլև Հայաստանին օգնել․․․ Ես գումարի չափն անգամ չեմ ասում, որը հենց հիմա պատրաստ եմ վճարել։ Փոխանցիր նրանց, որ մենք խաղաղ կարգավորենք հարցը»»,-պատմել է Լուկաշենկոն Ալիևի հետ ավելի վաղ կայացած իր խոսակցության մասին։

Բելառուսի առաջնորդ պարզաբանել է, որ այդ զրույցի պահին նավթի արժեքը գերազանցում էր մեկ բարելի դիմաց 100 դոլարը։

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա․․․ Եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,-ավելացրել է Լուկաշենկոն։

«Վստահ ենք` հայ ժողովուրդը պատվով դուրս կգա բարդ իրավիճակից». Լուկաշենկոն դիմեց Փաշինյանին

Ամիսներ առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որի իսկությունը հաստատել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Լուկաշենկոն այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել՝ Արցախի շուրջ յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել էր 6 մլրդ դոլար, որպեսզի Իլհամ Ալիևը հրաժարվի այդ հողերից։