Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը

Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարող նպատակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Գրառմանը կից պաշտպանը նաև լուսանկարներ է հրապարակել։

«Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,–գրել է Թաթոյանը:

Նա շեշտել է, որ «պուրակ-թանգարանը» բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարող նպատակ:

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի պուրակ, որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների լուսանկարներով արյունոտ մանեկեններ։