ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ոստիկանությունը հերքում է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի («Պզո») ձերբակալման մասին տեղեկությունը, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում քաղաքացիական հագուստով մարդիկ ներխուժում են ռեստորան, «Պզոյին» գետնին են պառկեցնում։ Հայտնում էին, որ կադրերում «օրենքով գողի» ձերբակալությունն է։
«Արմեն Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ համացանցում տարածված տեսանյութը հին է»,-ասել են գերատեսչությունում։
Միաժամանակ գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուսումնասիրում են Mediaport Telegram-ալիքի տարածած տեսանյութը։
Տարբեր տվյալներով՝ Հայաստանի քրեական պատմության մեջ Ղազարյանը որոշակի հետք է թողել, ղեկավարելով թմրանյութերի մաքսանենգությամբ, շորթմամբ և կողոպուտներով զբաղվող խմբավորումներից մեկը։
Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողին». կադրերը հայտնվել են համացանցում
Առաջին անգամ «Պզոն» գաղութում հայտնվել է 1989թ․-ին՝ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար։ Ժամկետը փոքր էր, և շուտով Ղազարյանը հայտնվել է ազատության մեջ՝ շարունակելով ղեկավարել իր խմբավորումը։ Նրա գործունեության ոլորտը տարածվում էր հրազենի և թանկարժեք իրերի ապօրինի շրջանառության վրա։ Բացի այդ, նրա խմբավորումը սկսել էր մարդկանց առևանգել՝ հետագայում փրկագին ստանալու նպատակով, գրում է քրեական աշխարհի նորությունների mzk1 կայքը։
1991թ․-ին Արմեն Ղազարյանը որպես գող է «թագադրվել» Դոնի Ռոստովում։